16:51  ,  23 մարտի, 2022

Մաքսիմ Մանուկյանը՝ ԱՄՆ-ից․ Ըմբշամարտից եւ Հայաստանի հավաքականից չեմ հեռացել

Խառը մենամարտերում մեծ նպատակներ ունեմ, բայց ըմբշամարտից եւ Հայաստանի հավաքականից չեմ հեռացել եւ չեմ հեռանալու:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց  հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, MMА մարտիկ Մաքսիմ Մանուկյանը:

34-ամյա ըմբիշը մարտի 19-ին Կալիֆոռնիայում անցկացված Celtic Gladiator 31 մրցաշարում երրորդ հաղթանակն է տարել խառը մենամարտերում: Մրցակիցը ամերիկացի Ջեյմս Քենոնն էր (7-5-0):

Հայաստանը ներկայացնող Մանուկյանը հաղթանակի հասավ երրորդ  ռաունդում, մրցավարների միաձայն որոշմամբ:

«Երրորդ հաղթանակս հեշտ չտրվեց, մինչեւ վերջին ռաունդը ձգվեց, բայց փորձի առումով, երեւի, ավելի լավ էր, որ այսքան երկար տեւեց մենամարտը:

Ուրախ եմ այս հաղթանակի համար: MMA-ում նպատակներս մեծ են, բայց այդ մասին հետո կխոսեմ:

Ըմբշամարտից եւ հավաքականից չեմ հեռացել եւ չեմ հեռանալու»,- ասաց Մաքսիմ Մանուկյանը:

Մաքսիմ Մանուկյանը խառը մենամարտերում նորամուտը նշել է 2021 թվականի օգոստոսի 8-ին LXF5 մրցաշարում եւ հաղթել մեծ առավելությամբ։ Երկրորդ մենամարտը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին Կալիֆորնիայի «Վալի Սենթեր» մարզապալատում Gladiator Challenge մրցաշարի Underground 2 երեկոյում: Այստեղ նույնպես աշխարհի չեմպիոնը վստահ հաղթանակ է տարել: 

ԱՄՆ-ում Մաքսիմ Մանուկյանի մենեջերը UFC մարտիկ Էդմեն Շահբազյանի անձնական մարզիչ, մենեջեր, ԱՄՆ-ի «Գլենդեյլ ֆայթինգ քլաբի» ղեկավար Էդմոնդ Թարվերդյանն է: Նրա հետ աշխատում է նաեւ ազատ ոճի ըմբշամարտի 2004 թվականի Եվրոպայի չեմպիոն Մարտին Բերբերյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով