Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի ավագ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում տարած երրորդ հաղթանակից հետո գրառում է արել Ինստագրամում։
«Միշտ շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ դրել է այնպիսի տեղեր, որտեղ միլիոններից մեկն է ընտրվում»,- գրել է Հովհաննես Բաչկովը՝ տեղադրելով հաղթական մենամարտից տեսանյութ։
Մարտի 19-ին Դուբայում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի Probellum պրոմոութերական ընկերության մրցաշարում 29-ամյա Բաչկովը բացարձակ առավելությամբ հաղթել էր 39-ամյա արգենտինացի Կրիստիան Կորիային։ Ռինգի մրցավարը մենամարտը կանգնեցրել էր 8-րդ ռաունդում եւ գրանցել հաղթանակ։
Աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիրը նախորդ մենամարտն անցկացրել էր 2021 թվականի ապրիլի 9-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում, որտեղ առաջին ռաունդում նոկաուտով հաղթել էր ազգությամբ թուրք, Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովին։ Դա գյումրեցի բռնցքամարտիկի երկրորդ մենամարտն էր: Առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում նա անցկացրել էր 2020թ. հոկտեմբերի 9-ին Դուբայում՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում