21:46  ,  19 մարտի, 2022

Հովհաննես Բաչկովի երրորդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի ավագ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը  երրորդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում։

Մարտի 19-ին Դուբայում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի Probellum պրոմոութերական ընկերության մրցաշարում  29-ամյա Բաչկովը բացարձակ առավելությամբ հաղթել է  39-ամյա արգենտինացի  Կրիստիան Կորիային։

Գյումրեցի բռնցքամարտիկը  գրանցել է տեխնիկական  նոկաուտ։ Ռինգի մրցավարը մենամարտը կանգնեցրել է 8-րդ ռաունդում եւ գրանցել հաղթանակ։

Աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիրը նախորդ մենամարտն անցկացրել էր 2021 թվականի ապրիլի 9-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում, որտեղ առաջին ռաունդում նոկաուտով հաղթել էր ազգությամբ թուրք, Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովին։ Դա գյումրեցի բռնցքամարտիկի երկրորդ մենամարտն էր: Առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում նա անցկացրել էր 2020թ. հոկտեմբերի 9-ին Դուբայում՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում