09:17  ,  28 հոկտեմբերի, 2021

«Բարսելոնան» հեռացրեց Ռոնալդ Կումանին

«Բարսելոնան» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց 58-ամյա հոլանդացի Ռոնալդ Կումանին, հաղորդում է կատալոնական ակումբի կայքը։

Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնան» երկրորդ հանդիպումն անընդմեջ պարտություն կրեց։ Տնային «Էլ Կլասիկոյում» Մադրիդի «Ռեալին» 1։2 հաշվով պարտվելուց հետո Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ռայո Վալյեկանոյին» եւ պարտություն կրեց 0։1 հաշվով։

Իսպանական մամուլը գրում է, որ այս պարտությունից հետո «Բարսելոնայի» ղեկավարությունն արտահերթ նիստ է անցկացրել եւ որոշում ընդունել Կումանի պաշտոնանկության մասին։

Նա թիմը ղեկավարում էր 2020թ․ օգոստոսից։ Անցած մրցաշրջանում «Բարսելոնան» նվաճեց Իսպանիայի գավաթը, առաջնությունում գրավեց երրորդ տեղը։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնան» 10 խաղից հետո 15 միավորով 9-րդն է։ Չեմպիոնների լիգայում պարտվել է պորտուգալական «Բենֆիկային» (0:3) եւ գերմանական «Բավարիային» (0:3), հաղթել Կիեւի «Դինամոյին» (1:0)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում