23:26  ,  26 հոկտեմբերի, 2021

ԱԱ. Նարեկ Մանասյանը պարտվեց մեկնարկում (ֆոտո)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի երրորդ ներկայացուցիչ Նարեկ Մանասյանը պարտվեց մեկնարկային մենամարտում:

92 կգ քաշայինների 1/32 եզրափակիչում Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների բրոնզե մեդալակիրը մրցեց Իտալիան ներկայացնող Ազիզ Աբբես  Մոուհիդայնի հետ եւ պարտվեց 0:5 հաշվով (27:30, 28:29, 28:29, 27:30, 28:29):

Առաջին ռաունդը Մանասյանը մեծ ակտիվությամբ սկսեց եւ նրա հարվածները հիմնականում հասնում էին նպատակակետին: Այս ռաունդում մրցավարները միավորների առավելությունը տվեցին Մանասյանին՝ 9:10, 10:9, 10:9, 9:10 եւ 10:9:

Երկրորդ ռաունդից սկսած իտալացի մրցակիցը Մանասյանի յուրաքանչյուր հակագրոհ սկսեց փակել ձեռքերով, մերձամարտի գնալ եւ թույլ չտալ հայ բռնցքամարտիկին զարգացնել գրոհը: Մինչեւ վերջին ռաունդը Մանասյանի բոլոր նախաձեռնությունները ձախողվեցին, որովհետեւ մրցակիցը գրկում էր Հայաստանի ներկայացուցիչին եւ փակում ձեռքերը: Չնայած ռինգի մրցավարի պարբերաբար զգուշացումների, կողային մրցավարները երկրորդ եւ երրորդ ռաունդներում ձայների առավելությունը տվեցին իտալացուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English