18:13  ,  16 հոկտեմբերի, 2021

ՀՄՖ գլխավոր քարտուղար. Տոկիոյում հիվանդանոցի նման մի տեղում են պահում Դավթյանին, անմարդկային պայմաններում

Վստահ ենք, Վահագն Դավթյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը սխալ է: Եվրոպայի փոխչեմպիոնն արդեն երրորդ օրն է մեկուսացված է Տոկիոյի հիվանդանոցներից մեկում եւ չգիտենք՝ կմասնակցի աշխարհի առաջնությանը, թե ոչ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը: Հոկտեմբերի 16-ին Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան տեղեկացրեց, որ Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Վահագն Դավթյանի մասնակցությունն աշխարհի առաջնությանը հարցականի տակ է:

Պատճառը Տոկիոյում մարզիկի կորոնավիրուսային թեստի դրական պատասխանն է: Հայկական կողմը պնդում է, որ թեստի պատասխանը սխալ է եւ պահանջում է երկրորդ թեստ, իսկ ճապոնական կողմը չի համաձայնում 6 օրից շուտ երկրորդը վերցնել:

«Երկու ամիս տանջվել ենք, որ վիզաները ճիշտ գա: Այստեղի հյուպատոսն է անձամբ միջամտել, որ մասնակից մարմնամարզիկների անունները ճիշտ գա: Մեծ քաշքշուկի մեջ էինք ընկել դրա պատճառով: Այժմ էլ Վահագն Դավթյանի թեստի պատասխանն է դրական եկել եւ չեն համաձայնվում երկրորդ թեստն անել:

Թիմը Երեւանից մեկնել է հոկտեմբերի 13-ին եւ ժամանել Տոկիոյի «Հանեդա» օդանավակայան հոկտեմբերի 14-ին: Այնտեղից պետք է մեկնեին Կիտակյուշու: Օդանավակայանում թեստ են հանձնել: Թեստը պետք է վերցնեին սոված վիճակում: Թիմը մեկ օր շարունակ թռիչք է ունեցել եւ այդ ընթացքում Վահագն Դավթյանը սնվել է, հեղուկ է օգտագործել:

Հիմա մենք ճապոնական կողմին ասում ենք, որ թեստի պատասխանը սխալ է, որովհետեւ ըստ իրենց պահանջի մարդ պետք է չկերած եւ չխմած լինի, բայց մեր մարմնամարզիկը չէր կարող չուտել եւ չխմել, քանի որ մեկ օրից ավելի օդում է եղել: Խնդրում ենք, որ նորից թեստ վերցնեն, քանի որ վստահ ենք՝ պատասխանը սխալ է եկել:

Վահագն Դավթյանին տարել են Տոկիո, թիմը մեկնել է Կիտակյուշու: Ինչ-որ մի հիվանդանոցի նման տեղում են պահում նրան, անմարդկային պայմաններում: Սնունդ են տալիս՝ առանց ներս մտնելու, դնում են դռան առջեւ, դուռը թակում գնում: Արդեն կապ ենք հաստատել Ճապոնիայում Հայաստանի դեսպանատան հետ, որը փորձում է երկրորդ անգամ թեստ հանձնելու հարցը լուծել: Մենք պատրաստ ենք ցանկացած պայմաններով, լինի վճարովի, մեր միջոցներով երկրորդ թեստ անել: Ուզում ենք ամեն ինչ անել, որ գոնե վերջին օրով հասնի մրցման: Հոկտեմբերի 20-ին է մեկնարկում Վահագնը: Ճապոնական կողմն ասում է, որ երկրորդ թեստը վերցնելու են 6 օր անց: Դա լինում է հոկտեմբերի 20-ը: Մեր խնդրանքն է, որ գոնե ամսի 19-ին վերցնեն, տեսնեն բացասական է, ցաց թողնեն, մարզիկն էլ հասնի իր մրցմանը: Եթե դրական կլինի պատասխանը, խնդիր չկա: Ինչ անում ենք, այդ երկրորդ թեստը չեն վերցնում: Վահագն Դավթյանն արդեն երրորդ օրն է մի սենյակում մեկուսացած է: Սենյակում է մարզվում, որ կարողանա պահպանել ֆիզիկական վիճակը»,- ասաց Սահակ Անտոնյանը:

Աշխարհի առաջնությունն անցկացվելու է Կիտակյուշու քաղաքում հոկտեմբերի 18-24-ը: Հայաստանի հավաքականում են նաեւ Հարություն Մերդինյանը, Գագիկ Խաչիկյանը, մարզիչ Հայկ Նազարյանը, մրցավար Հակոբ Սերոբյանը:

Հիշեցնենք, որ սպորտային մարմնամարզության Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյան սեպտեմբերի 16-ից զբաղեցնում է նաեւ Երեւանի քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի ղեկավարի պաշտոնը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս