15:14  ,  9 մայիսի, 2024

Տուխել․ Մրցավարներն աղետալի որոշում ընդունեցին

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալին» 1:2 հաշվով պարտվելուց հետո դժգոհել է մրցավարությունից։

Հանդիպման ավելացված ժամանակում «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխի երկար փոխանցումից հետո հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտը գրավեց «Ռեալի» դարպասը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար, լեհ Շիմոն Մարցինյակը, չսպասելով դրվագի ավարտին, սուլեց՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ։

«Յուրաքանչյուրը պետք է գործի իր հնարավորությունների առավելագույնի սահմանին՝ թույլ չտալով սխալներ։ Մրցավարն էլ պետք է համապատասխանի այս մակարդակին։

Հետին թվով արդարացումներն անօգուտ են։ Դու խաղադաշտում ես, քանի որ լավագույնն ես։ Եվ մենք իրավունք ունենք մրցավարից դա ակնկալել մինչեւ վերջին վայրկյանը։

Ավելացված ժամանակում երկրորդ գոլը բաց թողնելուց հետո մենք գրավեցինք նրանց դարպասը, սակայն եզրային եւ գլխավոր մրցավարներն աղետալի որոշում ընդունեցին։

Անհավանական ճակատամարտ էր, եւ մենք գրեթե հասել էինք նպատակին։ Հիմա մենք շնորհավորում ենք «Ռեալին»»,- Տուխելի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում անցկացվելիք եզրափակիչում «Ռեալի» մրցակիցը կլինի Դորտմունդի «Բորուսիան», որը պայքարից դուրս էր թողել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English