15:41  ,  4 սեպտեմբերի, 2021

Լեւոն Արոնյան. Երբեք չեմ ցանկացել հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո (ֆոտո)

Երբեք չեմ ցանկացել հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո, բայց, ցավոք, դա լինելու է։ Վաղը մեկնում եմ եւ տխուր եմ այդ փաստով։ Այս մասին շախմատիստների եւ լրագրողների հետ զրույցում ասաց Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն, կրկնակի աշխարհի գավաթակիր, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որը սեպտեմբերի 6-ին կմեկնի ԱՄՆ։ Հայաստանի առաջատար շախմատիստը տեղափոխվում է ԱՄՆ եւ կներկայացնի այդ երկիրը։

Մեկնումից առաջ գրոսմայստերը հանդիպեց իր եւ Գաբրիել Սարգսյանի անվան շախմատի դպրոցի սաներին։ Հանդիպման ընթացքում դպրոցի սաներից մեկը հարց ուղղեց Արոնյանին, թե ցանկացե՞լ է երբեւէ հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո։

«Երբեք չեմ ցանկացել այլ դրոշի ներքո հանդես գալ։ Մեր դրոշից ավելի քաղցր դրոշ ինձ համար գոյություն չունի։ Ցավոք, դա լինելու է, բայց չեմ կարող ասել, որ դա լինում է իմ ցանկությամբ»,- պատասխանեց Լեւոն Արոնյանը։

Լրագրողների հետ ճեպազրույցում գրոսմայստերը մանրամասնեց, որ մեկնում է, բայց որեւէ մեկին հրաժեշտ չի տալիս։

«Երեխաների հետ հանդիպումը հրաժեշտի չէր։ Այնպես չէ, որ մեկնում եմ ԱՄՆ եւ այլեւս չեմ գալու Հայաստան, չեմ այցելելու դպրոց։ 2018 թվականին բավականին ուժեղ դպրոցը փակվեց։ Մինչև այդ պետական ֆինանսավորմամբ էր գործում դպրոցը։ Այդ ընթացքում կորուստներ ունեցանք մարզիչների շրջանում։ Շատերը լքեցին երկիրը, մի շատ լավ մարզիչ մահացավ։ Տեւական դադարից հետո դպրոցը վերաբացվեց, ինչի առթիվ շատ ուրախ եմ։ Դպրոցի աշխատանքը վերսկսվեց «Վերածնվող միտք» հիմնադրամի ջանքերով: Այստեղ աշխատում են շատ ուժեղ մարզիչներ, այդ թվում՝ իմ երկու անձնական մարզիչները, որոնց հետ երկար տարիներ աշխատել եմ։ Սա լավագույն հնարավորությունն է երեխաների համար աշխատել աշխարհի ուժեղագույն մարզիչների հետ անվճար, որովհետեւ նման նախադեպեր շատ քիչ կան։ Դպրոցն ունի 25 աշակերտ։ Ընտրվել են այնպիսի երեխաներ, որոնք ունեն ցանկություն, եւ ես համոզված եմ, որ նրանք կդառնան շատ մեծ շախմատիստներ։

Շատ եմ ուզում, որ աղջիկները շախմատ խաղան, հաջողությունների հասնեն։ Մեզ մոտ ծնողներն ասում են՝ դե աղջիկ է, այդքան էլ կարեւոր չէ, որ հաջողության հասնի։ Մտավախություններ միշտ էլ ունենք, որ գուցե ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ այս դպրոցն էլ կանգնի փակվելու եզրին։ Մենք, հասկանալով շախմատի կարեւորությունը հայ ազգի մտքի զարգացման համար, պետք է օգտագոդծենք յուրաքանչյուր շանս։ Այս պահին մեզ տրված է հնարավորությունը եւ գործում է մեր դպրոցը։

Մեզ բոլորիս պետք է մարդկային վերաբերմունք, ուրիշ ոչինչ պետք չէ շախմատիստներիս։ Մշտապես կապի մեջ եմ երիտասարդների հետ, փորձում եմ հետեւել նրանց առաջընթացին։ Այդպես կլինի նաեւ ԱՄՆ մեկնելուց հետո։ Ես ամեն ինչ կանեմ, որ իմ ունեցած գիտելիքները փոխանցվի մեր երեխաներին։ ԱՄՆ մեկնում եմ սեպտեմբերի 6-ին։ Դեռ չգիտեմ՝ աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնեմ, թե՝ ոչ: Երեւի թե՝ ոչ։ Տխուր եմ այդ փաստոով»,- ասաց Լեւոն Արոնյանը։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ