Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը չկարողացավ հաղթահարել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի արգելքը։ Պատասխան մրցամարտում Արոնյանը պարտվեց 1։3 հաշվով՝ 2 պարտություն, 2 ոչ ոքի։
Առաջին օրվա դիմակայությունն ավարտվել էր 2։2 հաշվով։ Չորս պարտիաներում էլ գրանցվել էր ոչ ոքի։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևը և Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիրեզա Ֆիրուզան։
Քառորդ եզրափակիչում Լևոն Արոնյանը 2 խաղային օրերի արդյունքում պայքարից դուրս էր թողել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին։
Խմբային փուլում հայ գրոսմայստերը 15 հնարավորից վաստակել էր 9.5 միավոր և Ալիրեզա Ֆիրուզայի հետ բաժանել 3-4-րդ տեղերը: Խմբային փուլում լավագույն արդյունքը գրանցել էր 10.5 միավոր հավաքած Վլադիսլավ Արտեմիևը, իսկ Մագնուս Կարլսենը հավաքել է 10 միավոր:
Aimchess US Rapid-ը Meltwater Champions Chess Tour-ի վերջին փուլն է։ Օգոստոսի 28-ին մեկնարկած մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 5-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում