09:04  ,  25 օգոստոսի, 2021

«Գլազգո Ռեյնջերսում» կորոնավիրուսի բռնկում է սկսվել «Ալաշկերտի» դեմ խաղից առաջ

Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսում» կորոնավիրուսի բռնկում է սկսվել, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Շոտլանդիայի չեմպիոնը չի նշել կորոնավիրուսի դրական թեստերի թիվը, բայց հայտնի է, որ բոլոր վարակվածներն ինքնամեկուսացվել են:

Սթիվեն Ջերարդի գլխավորած թիմն այս օրերին պատրաստվում է Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպմանը, որը տեղի կունենա օգոստոսի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: Առաջին խաղում «Գլազգո Ռեյնջերսը» հաղթել է նվազագույն հաշվով:

Հիշեցնենք, որ նախորդ փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում ուժեղ էր գտնվել (0:0, 3:2) ղազախական «Կայրաթից» և դուրս եկել Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլ՝ ապահովելով առնվազն ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Եվրագավաթներում «Ալաշկերտը» պայքարը սկսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ 2 խաղերի արդյունքում հաղթել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ երկրորդ փուլում պարտվել է մոլդովական «Շերիֆին» (0:1, 1:3) և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս