15:22  ,  12 օգոստոսի, 2021

Հարություն Մերդինյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը

Արթուր Դավթյանի օլիմպիական բրոնզե մեդալը Հարություն Մերդինյանին շատ է ոգեւորել: Նա կմասնակցի աշխարհի առաջնությանը:

Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Հակոբ Սերոբյանն օգոստոսի 12-ին ամփոփել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերն ու ներկայացրել սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջիկա ծրագրերը: Մարզիչի խոսքով, Արթուր Դավթյանի բրոնզե մեդալը մեծ ոգեւորություն է առաջացրել թիմում, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյան վերադառնում է:

«Թիմը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 15-25-ը Ճապոնիայի Պիտա Ուշու քաղաքում: Ես նորից հրավիրված եմ որպես մրցավար: Աշխարհի առաջնությանը կմասնակցի 3 մարմնամարզիկ: Ուզում ենք, որ նժույգ թափերում մասնակցի Հարություն Մերդինյանը: Արթուր Դավթյանի բրոնզե մեդալից հետո մեծ ոգեւորություն է առաջացել թիմում, մասնավորապես, Հարություն Մերդինյանի մոտ: Նրան ասացի պատրաստվել աշխարհի առաջնությանը, սկսել է կրկնակի ավելի լավ կատարել իր վարժությունը:

Օղակների վարժությունում ունենք երեք ուժեղ տղաներ՝ Արթուր Թովմասյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան: Նրանցից կընտրվի մեկը: Ակնկալում եմ նաեւ երիտասարդներից Գագիկ Խաչիկյանի մասնակցությունը: Մեծահասակների Եվրոպայի առաջնության նժույգ թափեր վարժությունում նա զբաղեցրեց 4-րդ տեղը, ինչը մեծ արդյունք է: Հանդես է գալիս բազմամարտում: Նա մեր ապագան է, եւ եթե հասկանանք, որ պատրաստ է, նա կմասնակցի աշխարհի առաջնությանը բազմամարտում: Բոլորին հնարավորություն է տրվելու 3-4 անգամ փորձամրցում անցնել, որպեսզի հասկանան՝ ով է լիարժեք պատրաստ մեդալային պայքարին: Այլեւս չենք գնում զուտ մասնակցության համար: Գնում ենք մեդալ նվաճելու համար:

Երեք մասնակցի հետ մեկ մարզիչ կմեկնի աշխարհի առաջնության: Ես կլինեմ այնտեղ որպես մրցավար: Հուսանք՝ լավ արդյունքներ կկարողանանք գրանցել նաեւ աշխարհի առաջնությունում»,- ասել է Հակոբ Սերոբյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում