14:44  ,  11 օգոստոսի, 2021

Դիմելու ենք CAS. Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի թիմի մարզիչներն ամփոփեցին Տոկիո-2020-ը (ֆոտո)

Դիմելու ենք Լոզանի արբիտրաժային դատարան (CAS: Court of Arbitration for Sport)՝ Տոկիո-2020-ում Կարեն Ասլանյանի, Կարապետ Չալյանի եւ Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերի համար: Մեր մարզիկները պետք է տեսնեն, որ իրենց թիկունքում կա երկիր, որը պայքարում է իրենց համար: Այս հարցով կդիմենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, ՀԱՕԿ-ին, ԿԳՄՍ նախարարությանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչներ Էդուարդ Սահակյանն ու Գեւորգ Ալեքսանյանը ամփոփել են Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտված 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Տոկիո-2020-ի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանն ուներ 4 հունահռոմեական ոճի ըմբիշ և նվաճեց մեկ արծաթե մեդալ: Թիմի մարզիչները որոշել են ֆեդերացիայի եւ մարզական կառույցների միջոցով դիմել դատարան՝ Տոկիո-2020-ում հայ ըմբիշների գոտեմարտերի քննություն սկսելու համար:

«Մեր 4 ըմբիշները շատ լավ պայքարեցին: Արմեն Մելիքյանը մեկնարկում շատ ուժեղ ըմբիշի հաղթեց, բայց երկրորդ գոտեմարտում առողջական խնդիր ուներ, լավ չէր զգում, սննդային թունավորում ուներ, չհասցրեց վերականգնվել, այդ պատճառով պարտվեց: Կարեն Ասլանյանը, Կարապետ Չալյանը եւ Արթուր Ալեքսանյանը հրաշալի գոտեմարտեր անցկացրին, շատ գրագետ աշխատեցին բոլոր գոտեմարտերում, բայց եղան մրցավարական միջամտություններ, որոնք թույլ չտվեցին մինչեւ վերջ շարունակել պայքարը եւ արժանի գնահատական ստանալ մեր այն մեծ աշխատանքին, որը Տոկիոյից առաջ կատարել էինք նախորդ 5 տարիների ընթացքում: Թիմի մասնակցությունից գոհ եմ, մեր տղաները որակական առումով ցույց տվեցին իրենց լավագույն կողմերը, բայց եղան դրվագներ, որ չկարողացանք հաղթահարել մրցավարությանը: Շատ դժվար է այս իրավիճակում համաձայնվել Օլիմպիական խաղերում ժյուրիի որոշումների հետ եւ ընդունել այդ ամենը»,- ասաց Էդուարդ Սահակյանը:

Գեւորգ Ալեքսանյանի խոսքով, նման անարդար մրցավարություն երբեք որեւէ Օլիմպիական խաղերում չի հանդիպել:

«Նախ ուզում եմ շնորհավորել Հայաստանի բոլոր մեդալակիրներին: Օլիմպիական խաղերում մեդալ նվաճելը հեշտ չէ, հատկապես՝ մեր նման փոքր երկրի համար, երբ պայքարում ենք հզոր երկրների դեմ: Ունեցանք 4 մեդալ տարբեր գույների, բայց մենք պատրաստ էինք նաեւ ոսկե մեդալ ունենալուն հունահռոմեական ոճի ըմբշամարտում: Արթուր Ալեքսանյանի արծաթը շատ մեծ արժեք ունեցող մեդալ է: Մենք դժգոհում ենք արդյունքներից, բայց դա չի նշանակում, որ արծաթե մեդալը մեզ համար նշանակություն չունի: Այդ մեդալի մեջ էլ շատ մեծ աշխատանք, քրտինք ու առողջություն է դրված:

Չենք կարող համաձայնել արդյունքների հետ: Հստակ հայտարարում եմ, որ մենք կարող էինք ու պատրաստ էինք վերադառնալ երեք մեդալով, որոնցից մեկը՝ Արթուր Ալեքսանյանի ոսկե մեդալով:

Մեր չորս ներկայացուցիչներն էլ ամեն ինչ արեցին, պայքարեցին: Ես, լինելով երկար տարիների մրցավար, երբեք չեմ տեսել նման մրցավարություն: Արդարացի ասում եմ, որ Արմեն Մելիքյանը չկարողացավ երկրորդ գոտեմարտի արգելքն անցնել: Այստեղ չեմ կարող որեւէ մրցավարական միջամտություն արձանագրել: Արմենն այս պահին կարողացավ այսքանը: Կարեն Ասլանյանի գոտեմարտում եղավ այն, ինչ ես երբեք չէի տեսել մրցավարությունում: Հաղորդվեց հաղթողի անունը, հետո հանձնաժողովը փոխեց գորգի եւ կողային մրցավարների որոշումը: Տուշեով հաղթանակը գրանցվեց, մրցակիցն արդեն համաձայնվել էր իր պարտության հետ, 15 վայրկյան մնացել էր գորգի վրա, չէր կարողանում կանգնել: Եթե մարզիկը համաձայն չլիներ մրցավարների որոշման հետ, կկանգներ, կբողոքեր, մարզիչներից կպահանջեր բողոքարկում: Բայց այստեղ մեզ տալիս են հաղթանակ, որոշ ժամանակ անց ժյուրիի անդամը վազում է, փոխում մրցավարների որոշումը: Նույն պատկերն ունեցանք Կարապետ Չալյանի բրոնզե մեդալի համար գոտեմարտում: Քառորդ եզրափակիչում Չալյանը պարտվեց սխալի պատճառով: Ճիշտ չարեց գցումը: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում ոչ մի բանի համար Կարապետին նկատողություն տվեցին: Հարված մրցակցի գլխին չի եղել, բայց այդպես էր պետք: Ինչո՞ւ էր այդպես պետք, որովհետեւ դա Ադրբեջանի միակ մեդալն էր լինելու: Օլիմպիական խաղերի որեւէ քաշային կարգում Ադրբեջանը մեդալ չունեցավ հունահռոմեական ըմբշամարտում, եւ այդ բրոնզը նրանց միակ հնարավորությունն էր: Ուրեմն ամեն բան պետք է արվեր, որ հունահռոմեական ըմբշամարտում այդ երկիրը գոնե մեկ մեդալ ունենար:

Մենք մեր հնարավորությունների չափով փորձեցինք բողոքարկել բոլոր այս դեպքերում: Բայց հանձնաժողովի որոշումը ոչ ոք չի կարող փոխել: Եթե նրանք ուզում են փոխել մրցավարների որոշումը, որեւէ մարզիկ, մարզիչ թիմ դրա դեմն առնել չի կարող, հակառակ դեպքում մարզիկներին, մարզիչներին կորակազրկեն, իսկ երկրին, ֆեդերացիային տուգանքներ կնշանակեն:

Այսպիսի պատմություններ իմ մրցավարական կարիերայում չեմ տեսել: Տոկիո-2020-ից հետո կարող եմ ասել, որ տեսել եմ: Մեր բողոքը ոչ թե մարզիկների, մարզիչների, որեւէ երկրի դեմ է, այլ՝ կոնկրետ մրցավարության: Օլիմպիական խաղերում այսպիսի մրցավարություն չպետք է լինի: Ժյուրիի թեթեւ ձեռքով Կարապետ Չալյանը, Կարեն Ասլանյանը զրկվեցին մեդալներից:

Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերը նույնիսկ անքննելի են: Վնասվածքով նա որոշեց անպայման մասնակցել եզրափակիչ գոտեմարտին, քանի որ նա վստահ էր իր հաղթանակին: Նա պատրաստ էր, թարմ էր, իրեն լավ էր զգում: Մրցավարների անհասկանալի որոշումից եւ երկու միավոր Եվլոեւին տալուց հետո, արդեն հասկանալի էր, որ վնասվածքով երեք միավորը չէր կարողանալու հետ բերել:

Անարդար մրցավարություն էր: Ինչպես Արթուրն է իր խոսքում ասել՝ կան Ռուսաստանից մարզիկներ, որոնց մրցավարները միշտ օգնում են: Չի կարելի այսպիսի մրցավարությամբ քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունն անցկացնել: Սա հերթական աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունը չէ, որ մարզիկը մտածի՝ լավ հաջորդ տարի կապացուցի: 4 տարի հետո գուցե այս մարզիկներն այլեւս չլինեն պայքարում: Գուցե Արթուրը կարողանար կրկնել Ռիո-2016-ի հաջողությունն ու դառնալ կրկնակի օլիմպիական չեմպիոն: Այժմ նա օլիմպիական չեմպիոն է ու տարբերությունը շատ մեծ է կրկնակիից, բայց նա կյանք էր դրել երկրորդ օլիմպիական ոսկուն հասնելու համար, պատրաստ էր ու կարող էր: Այստեղ էլ չենք մեղադրում որեւէ կոնկրետ երկրի կամ նրա ներկայացուցիչի, մարզիկի, գլխավոր խնդիրը մրցավարությունն է: Արթուր Ալեքսանյանն այդպես էլ չկախեց պարանոցին արծաթե մեդալը, որովհետեւ զգաց, որ արժանի էր ավելիին, կարող էր ու պատրաստ էր անել ավելին, միայն թե նրան խանգարեցին:

Ես Կարեն Ասլանյանին, Կարապետ Չալյանին պարտված չեմ համարում: Արթուր Ալեքսանյանն էլ չի պարտվել եզրափակիչում: Նրանց խանգարեցին»,- մանրամասնեց Գեւորգ Ալեքսանյանը:

Հայաստանի հավաքականի մարզիչները որոշել են դիմել Լոզանի արբիտրաժային դատարան (CAS):  

«Ես առաջարկում եմ այս ամենը հավաքենք, դիմենք սպորտային դատարան: Թող դատարանում գտնեն արդարությունը: Եթե նույնիսկ չշահենք դատը, կիմանանք, որ արեցինք ամեն ինչ, չստացվեց: Մարզիկները պետք է տեսնեն, որ իրենց թիկունքում կա երկիր, որը պայքարում է իր համար: Միայն իրենք չեն, որ պայքարում են երկրի համար: Այս հարցով կդիմենք ֆեդերացիային, ՀԱՕԿ-ին, նախարարությանը, կխորհրդակցենք, քանի որ դեռ այս թեմայի շուրջ որեւէ քննարկում չի կայացել եւ կգանք ընդհանուր որոշման: Պետք է անպայման փորձենք որեւէ կերպ մեր ձայնը լսելի դարձնել: Եթե դատարանն ուզենա, որ հաղթի արդարությունը, մենք կշահենք: Եթե չուզենա տեսնել արդարությունը, ոչինչ չի փոխվի: Շատ հնարավոր է, որ Կարապետ Չալյանի բրոնզե մեդալը կարողանանք հետ բերել, բայց Կարեն Ասլանյանի գոտեմարտը հետ չենք կարող բերել: Դեռ նախադեպ չի եղել, բայց, եթե լինի դատարանի արդար վճիռ, շատ հնարավոր է՝ Կարապետ Չալյանի գոտեմարտի ելքը փոխվի»,- նշեց Գեւորգ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից երկրորդ տեղը գրավել էր Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որն օլիմպիական ոսկե ու բրոնզե մեդալներին գումարեց նաև արծաթե մեդալ: 

Մեդալ նվաճելուն մոտ էր նաև Կարապետ Չալյանը (77 կգ), որը պարտություն էր կրել բրոնզե մեդալի համար գոտեմարտում: Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էին կրել քառորդ եզրափակիչում ու լքել պայքարը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով