15:05  ,  6 օգոստոսի, 2021

Արթուր Դավթյանն օդանավակայանում դիմավորել է Հակոբ Սերոբյանին, նրանք այցելել են Ալբերտ Ազարյանի մարզադպրոց (ֆոտո, վիդեո)

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, որը Տոկիո-2020-ում մրցավարական հանձնաժողովում սպասարկում էր Օլիմպիական խաղերը, նախորդ գիշեր Տոկիո-Դոհա-Երեւան չվերթով վերադարձավ հայրենիք: Հակոբ Սերոբյանին օդանավակայանում դիմավորեցին սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի բոլոր անդամները, այդ թվում՝ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հենացատկի վարժությունում բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, ֆեդերացիայի ներկայացուցիչները: Արթուր Դավթյանը մարզիչ Հայկ Նազարյանի հետ հայրենիք էր վերադարձել օգոստոսի 5-ին կեսգիշերն անց:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում Հակոբ Սերոբյանն ամփոփեց Տոկիոյի Օլիմպիական խաղերն ու խոսեց Արթուր Դավթյանի բրոնզե հաղթանակի կարեւորության մասին:

«Շատ ուրախ եմ, որ մեդալով ենք վերադառնում Օլիմպիական խաղերից: Մենք կարող էինք նաեւ ոսկե մեդալ նվաճել: Ինչ-որ է, մեզ համար մեդալ նվաճելը շատ մեծ բան է: Երկար տարիներ չէր եղել: Եղավ, սառույցը կոտրվեց: Արդեն գիտենք, որ մենք կարող ենք եւ օլիմպիական մեդալը մեզ հասանելի է: Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը, մյուս բոլորն արդեն գիտեն, որ դա հնարավոր է, մեր ուժերի սահմանում է:

Արթուր Դավթյանը եզրափակիչում ստացավ այն գնահատականը, ինչ արեց: Ոչ ավելի են դրել, ոչ՝ պակաս: Ես հենց դրա համար էի այնտեղ, որ մեզ պակաս չգնահատեն: Արթուրն արժանի էր մինչեւ ոսկու, բայց ստացավ այն, ինչ այդ օրն արեց: Որակավորման փուլի պես երկրորդ ցատկն աներ, ոսկե մեդալը մերն էր լինելու: Ինչեւէ, բրոնզե մեդալը հաղթանակ է, շատ ուրախ ենք այն նվաճելու առթիվ, ամեն ինչ շատ լավ էր:

Հուսով եմ, այս ամենը կտեսնի պետությունը, կառավարությունը, քաղաքապետարանը, թաղապետարանը: Գոնե մենք ունենանք նորմալ դահլիճ: Դա մեր ապագայի համար է պետք, եկող սերնդի: Այնտեղ երկրի նախագահին էլ ասացի՝ գոնե ունենանք նորմալ դահլիճային պայմաններ, երեխաները մարզվեն նորմալ պայմաններում, որպեսզի այն հիմքը, որը դրել ենք, շարունակական լինի: Սպորտային մարմնամարզությունը դրել ենք գծերի վրա, մնում է հետեւողական լինենք, որ արդյունքներն ավելանան: Միջազգային չափանիշներով դահլիճ ունենալը խիստ անհրաժեշտություն է: Գուցե այդ ժամանակ մենք թոշակի լինենք, բայց մեր մարզիչները հնարավորություն ունենան շարունակել այս հաջողությունները: Պետք է շարունակենք օլիմպիական բրոնզե մեդալը դարձնել ոսկե մեդալներ:

Ուրախության, էմոցիաների էյֆորիան, որն ապրեցինք Տոկիոյում, անցել է: Այս պահին այլ զգացողություններ ունեմ՝ կրկին ուրախության: Այս մեդալը կնպաստի այն մեծ հավատին, որ այո, նույնիսկ այս պայմաններում հնարավոր է օլիմպիական մեդալ նվաճել: Հավատում էի: Չի եղել մի պահ, որ չհավատայի մեր հաջողությանը: Մեդալներ ունեինք բոլոր մրցաշարերից՝ աշխարհի, Եվրոպայի առաջնություններ, աշխարհի գավաթի խաղարկություններ: Մնացել էր օլիպիական մեդալը, որն էլ ունեցանք ու սա դեռ վերջը չի»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Օգոստոսի 6-ին սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները, մարզչական կազմն ու ֆեդերացիայի ներկայացուցիչները, լեգենդար Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ Երեւանի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում Արթուր Դավթյանի, Հակոբ Սերոբյանի եւ մարզիչ Հայկ Նազարյանի համար կազմակերպել էին հանդիսավոր դիմավորում:

Օլիմպիական բրոնզե մեդալակրին մարզադպրոցի բակում դիմավորեց անձամբ եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, իսկ ներսում 28-ամյա Դավթյանին «սպասում» էր իր պատկերով տոնական տորթը:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում Արթուր Դավթյանի մասնակցության օրը NEWS.am Sport-ի նախաձեռնությամբ Երեւանի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում ստեղծվել էր փոքր «Ֆան-գոտի», որտեղից Դավթյանի օլիմպիական մեդալի համար պայքարին ուղիղ հեռարձակմամբ Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ հետեւում էին մարմնամարզիկի կինը՝ Անահիտ Շեգունցը, 2-ամյա դստեր Ալիսայի հետ, հավաքականի անդամները, մարզադպրոցի սաները, ֆեդերացիայի ներկայացուցիչները, հարազատներն ու ընկերները:

Հայաստանի առաջատար մարմնամարզիկը Տոկիո-2020-ի հենացատկի վարժությունում օգոստոսի 2-ին բրոնզե մեդալակիր դարձավ 14.733 միավորով՝ զիջելով միայն oլիմպիական չեմպիոն դարձած կորեացի Շին Ջի Հվանին (14.783 միավոր) եւ երկրորդ տեղը գրաված ռուս Դենիս Աբլյազինին (14.783 միավոր): Նախորդ անգամ Հայաստանը սպորտային մարմնամարզությունում օլիմպիական մեդալ նվաճել էր 1980 թվականին Մոսկվայում տեղի ունեցած 22-րդ ամառային Օլիմպիական խաղերում, որտեղ ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում թիմային բազմամարտի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Ալբերտ Ազարյանի որդին՝ Էդուարդ Ազարյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով