13:40  ,  6 օգոստոսի, 2021

Հայաստանի հավաքականի մարզիչ. Բաչկովի մրցակիցը կեղտոտ մենամարտ էր վարում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Ռոբերտ Պետրոսյանն ամփոփել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճած Հովհաննես Բաչկովի (63 կգ) ելույթը:

«Բաչկովն անցկացրեց գերազանց մենամարտեր, նա ավելիին էր արժանի: Մրցակիցը կեղտոտ մենամարտ էր վարում, և Բաչկովին թույլ չտվեց 100 տոկոսով օգտագործել իր հնարավորությունները: Երկրորդ ռաունդում մրցավարները նախապատվությունը տվել էին մեզ, սակայն երրորդում Բաչկովը չկարոցացավ ամբողջությամբ օգտագործել իր ուժերը: Նա արժանի էր ինչպես բրոնզե, այնպես էլ ոսկե մեդալի: Շնորհավորում եմ բռնցքամարտի աշխարհին ու ֆեդերացիային»,- ասել է Ռոբերտ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր գյումրեցի բռնցքամարտիկն օգոստոսի 6-ին տեղի ունեցած կիսաեզրափակիչում մրցեց 22-ամյա ամերիկացի Քեյշոուն Դևիսի հետ և պարտվեց միավորներով (0:5):

Տոկիո-2020-ում 28-ամյա Հովհաննես Բաչկովը հուլիսի 25-ին մեկնարկել էր Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռայանի նկատմամբ վստահ հաղթանակով (5։0), իսկ 1/8 եզրափակիչում տպավորիչ հաղթանակ էր տարել 2013թ․ աշխարհի չեմպիոն, 29-ամյա ադրբեջանցի Ջավիդ Չելեբիեւի նկատմամբ (4։1)։

Նախորդ անգամ Հայաստանը բռնցքամարտում օլիմպիական մեդալ նվաճել էր 2008 թվականին: Պեկին-2008-ում բրոնզե մեդալակիր էր դարձել վանաձորցի Հրաչիկ Ջավախյանը։

Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ Կորյուն Սողոմոյնանը (52 կգ) և Արման Դարչինյանն (75 կգ) ավարտել են ելույթները: Կորյուն Սողոմոնյանը հուլիսի 26-ին տեղի ունեցած 1/16 եզրափակիչի մենամարտում պարտվել էր Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջալալ Յաֆային և լքել պայքարը: Արման Դարչինյանը 1/8 եզրափակիչում Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 23-ամյա սլովակ Անդրեյ Շեմեզի նկատմամբ վստահ հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակիչում նոկաուտով պարտվել էր ֆիլիպինցի Էումիր Մարցիալին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս