15:47  ,  3 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Պոկում վարժությունից հետո Սիմոն Մարտիրոսյանը առաջատարն է

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում մեկնարկել է ծանրամարտի տղամարդկանց 109 կգ քաշային կարգի ներկայացուցիչների պայքարը:

Այս քաշային կարգում հիմնական ֆավորիտը Հայաստանի հավաքականի առաջատար, Ռիո-2016 փոխչեմպիոն, կրկնակի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: Պոկում վարժության առաջին մոտեցման համար Սիմոն Մարտիրոսյանը նախնական հայտով պատվիրել էր 190 կգ, որը վստահությամբ կատարեց:

Երկրորդ մոտեցման համար Սիմոն Մարտիրոսյանը պատվիրեց 195, որը հաջողությամբ ֆիքսեց եւ օլիմպիական ռեկորդ սահմանեց այս վարժությունում: Երրորդ մոտեցման համար պատվիրած 198 կգ-ը չկարողացավ պոկել:

Նշենք, որ Սիմոն Մարտիրոսյանին է պատկանում այս քաշային կարգի երկամարտի աշխարհի ռեկորդը 435 կգ արդյունքով:

Մի քանի րոպե հետո կմեկնարկի հրում վարժության մրցումը։

Սիմոն Մարտիրոսյան, ծանրամարտ, 109 կգ քաշային կարգ

Ծնվել է 1997 թվականի փետրվարի 17-ին Հայկաշեն գյուղում։

Անձնական մարզիչ է Աշոտ Փիլոսյանը։

Սիմոն Մարտիրոսյանը  2012 թ. երիտասարդների Եվրոպայի բրոնզե մեդալակիր է, 2013թ. Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների չեմպիոն, 2013 թ. երիտասարդների աշխարհի չեմպիոն, 2014 թ. պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն, Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն եւ ռեկորդակիր։

Սիմոն Մարտիրոսյանը 2016 թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 2018 թվականի աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր, 2017 թվականի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Եվրոպայի Մ-20 չեմպիոն եւ ռեկորդակիր, Եվրոպայի Մ-23 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2019 թ. Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն,  աշխարհի ռեկորդակիր, 2019 թ. Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն:

2019 թվականին ընդգրկվել է Հայաստանի տարվա լավագույն մարզիկների տասնյակում: 

Ամուսնացած չէ։

Մեկ տարվա որակազրկումից հետո ծանրամարտի Հայաստանի հավաքականը երկու օլիմպիականի իրավունք է ստացել Տոկիո-2020-ում՝ 1 տղամարդ եւ 1 կին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս