15:02  ,  3 օգոստոսի, 2021

Տոկիո-2020․ Կարապետ Չալյանը մեդալ չնվաճեց (ֆոտո)

Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը (77 կգ) Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի բրոնզե մեդալի համար գոտեմարտում վիճահարույց մրցավարության պայմաններում պարտվեց 1։4 հաշվով։

Մրակիցը 33-ամյա ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովն էր, որը 2019թ․ աշխարհի փոխչեմպիոն է (82 կգ), 2020թ․ Եվրոպայի չեմպիոն (82 կգ)։

Առաջին մրցափուլում  միակ միավորը վաստակեց հայ ըմբիշը։ Երկրորդ մրցափուլում Հուսեյնովը առաջինը միավոր վաստակեց։ Կարապետ Չալյանը դրանից հետո համառ դիմադրություն ցույց տվեց պարտերում եւ թույլ չտվեց երկրորդ միավորը վաստակել։ Վերջնամասում մրցավարը զգուշացում տվեց Կարապետ Չալյանին եւ 1 միավոր մրցակցին՝ համարելով, որ մրցակցի դեմքին գլխով հարվածել է։ Հայաստանի մարզիչները վիճարկեցին մրցավարի որոշումը, սակայն չշահեցին եւ հաշիվը դարձավ 4։1։ Վերջին րոպեի ընթացքում արդյունավետ հնարք չստացվեց։

Տոկիո-2020-ում Կարապետ Չալյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 5:0 հաշվով հաղթելով 2021թ. Ասիայի չեմպիոն, ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրատովին: Քառորդ եզրափակիչում նա 2:1 հաշվով հաղթել էր 2018թ. աշխարհի չեմպիոն, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի հաղթող, 35-ամյա ռուս Ալեքսանդր Չեխիրկինին: Եզրափակիչի ուղեգիրը գյումրեցի ըմբիշը վիճարկեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմուդովի հետ և պարտվեց 2:6 հաշվով:

Հիշեցնենք, որ 97 կգ քաշային կարգի եզրափակիչում 2016թ. օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կգոտեմարտի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 28-ամյա ռուսաստանցի Մուսա Եվլոևի հետ: Այս գոտեմարտի մեկնարկը սպասվում է Երեւանի ժամանակով 15։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով