13:07  ,  3 օգոստոսի, 2021

Արայիկ Բաղդադյանը՝ Տոկիոյից. Կարեն Ասլանյանի վիճահարույց գոտեմարտի առիթով ՀԸՖ-ն քայլեր կձեռնարկի

Ֆեդերացիան Կարեն Ասլանյանի վիճահարույց գոտեմարտի առնչությամբ քայլեր կձեռնարկի: Երբ պատրաստ ու որոշված լինեն մեր քայլերը, պաշտոնապես կհայտարարենք: Իսկ մինչ այդ այս մասին պետք է շատ բարձրաձայնվի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տոկիոյից ասաց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղադյանն՝ անդրադառնալով Կարեն Ասլանյանի մասնակցությամբ քառորդ եզրափակիչի վիճահարույց մրցավարությանը:

«Անհասկանալի մրցավարություն եղավ: Կարենին տուշե տվեցին, կողքի, գորգի, կենտրոնի մրցավարները, բոլոր տուշե գրանցեցին: Եվ հանկարծ գլխավոր մրցավարական հանձնաժողովը փոխեց որոշումը: Կարենը 4:6 պարտվելիս մաքուր տուշեով հաղթում էր:

Պետք է այս ամենն անուշադրության չմատնել, բոլոր հնարավոր մարմիններում պետք է հարցը բարձրացնել, գրել այս մասին ամեն հնարավոր հարթակներում:

Ֆեդերացիան կդիմի, կտեղեկացնի Միջազգային ֆեդերացիային, ՄՕԿ-ին, որ այսպիսի անարդարություններ են տեղի ունենում, այսպես հաղթանակներ են գողանում: Պաշտոնապես կհայտարարենք, երբ նյութերը պատրաստ լինեն: Կքննարկենք ֆեդերացիայում, լիարժեք փաթեթը կկազմենք եւ նոր կհայտարարենք, թե ինչ քայլեր ենք անելու, որպեսզի մեր մարզիկներին կարողանանք պաշտպանել մրցավարական անարդարություններից:

Կարեն Ասլանյանը եզրափակիչի թեկնածու էր, բայց նրանից խլեցին եզրափակիչ դուրս գալու հնարավորոթյունը: Հարց է, այս եգիպտացին կհաղթի ուկրաինացուն, թե ոչ: Չի հաղթում, ու Կարենն ավարտում է Օլիմպիական խաղերը: Սա անարդար է»,- ասաց Արայիկ Բաղդադյանը:

Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի 67 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Կարեն Ասլանյանը գոտեմարտեց Աֆրիկայի եռակի չեմպիո, Աֆրիկյան խաղերի չեմպիոն, մինչեւ 23 տարեկանների աշխարհի նախորդ երկու տարիների չեմպիոն, 23-ամյա եգիպտացի Մոհամեդ Իբրահիմ Էլսայեդի հետ եւ պարտվեց 7:7 հաշվով։

Կարեն Ասլանյանը Տոկիոյում պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից։ 26-ամյա հայ ըմբիշը գոտեմարտել էր 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 34-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ եւ առավելության հասել վերջին միավորի շնորհիվ՝ 1։1։ Մոհամեդ Իբարհիմ Էլսայեդը 7։6 հաշվով պարտության էր մատնել աշխարհի կրկնակի չեմպիոն, 33-ամյա հարավկորեացի Ռյու Սան Սուին։ Եթե Մոհամեդ Իբարհիմ Էլսայեդը հասնի եզրափակիչ, Կարեն Ասլանյանը պայքարը կշարունակի բրոնզե մեդալի համար։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով