17:33  ,  2 օգոստոսի, 2021

Հակոբ Սերոբյանը՝ Տոկիոյից. Այս մեդալը մեր հաղթանակն է, մեր երկրի կռիվն է, մեր մեծ հաջողությունն է

Այսօր Արթուր Դավթյանն իսկական ոսկե մեդալի արժանի տղա էր։ Բարդ ճանապարհ անցած, տնից–տեղից կտրված եկավ հասավ այստեղ, արեց ու բոլորիս մեծ ուրախությունը պարգեւեց իր բրոնզե մեդալով։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տոկիոյից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը՝ մեկնաբանելով Արթուր Դավթյանի բրոնզե հաղթանակը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում։

Հավաքականի գլխավոր մարզիչը հուզված էր մեկնաբանում իր սանի բրոնզե հաջողությունն Օլիմպիական խաղերում։

Օգոստոսի 2-ին Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Դավթյանը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հենացատկի վարժության եզրափակիչում 14.733 միավորով նվաճեց բրոնզե մեդալ:

«Բառերով չեմ կարող բացատրել, թե այս պահին ինձ հետ ինչ է տեղի ունենում, ինչ եմ զգում։ Մենք շատ երկար տարիներ օլիմպիական մեդալ չէինք ունեցել։ Այս մեդալն իսկական ոսկի է։ Շատ–շատ դժվար էր։ Բոլորի նյարդերն արդեն գագաթնակետին էին հասել։ Այսպիսի նյարդերին միայն Արթուրը կարող էր դիմանալ։ Դիմացավ, արեց. իմ տղեն մեդալ նվաճեց։ Հպարտ եմ ու հուզված։ Այս մեր հաջողության մեջ շատ մեծ դեր ունի Արթուրի ընտանիքը՝ կինը, ով մեզ օգնում է եւ աջակցում իր համբերությամբ։ Մենք դեռ գնալու ենք ոսկե մեդալի հետեւից։ Այդ հարցում էլ մեզ կօգնի Արթուրի կինը։

Այս մեդալը մեր հաղթանակն է, մեր երկրի կռիվն է, մեր մեծ հաջողությունն է։ Որքան կարողացանք արեցինք։ Ապրի Արթուրը։ Կարող էր ավելին, կարող էր ոսկի նվաճել, այսօր նա իսկական ոսկե մեդալի արժանի տղա էր։ Բարդ ճանապարհ անցած, տնից–տեղից կտրված եկավ հասավ այստեղ, արեց ու բոլորիս այս ուրախությունը պարգեւեց։ Արթուրի համար դեռ շատ ավելի լավ է լինելու։ Նրա կողքին կա այնպիսի մարդ, որը կօգնի Արթուրին եւ մեզ, որ կգնանք դեռ օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու»,– ասաց Հակոբ Սերոբյանը։

Հենացատկի վարժությունում օլիմպիական չեմպիոն հռչակվեց կորեացի Շին Ջի Հվանը, որը վաստակեց 14.783 միավոր: Նույնքան միավորով արծաթե մեդալակիր դարձավ ռուս Դենիս Աբլյազինը:

Նախորդ անգամ Հայաստանը սպորտային մարմնամարզությունում օլիմպիական մեդալ նվաճել էր 1980 թվականին Մոսկվայում տեղի ունեցած 22-րդ ամառային Օլիմպիական խաղերում, որտեղ ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում թիմային բազմամարտի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Ալբերտ Ազարյանի որդին՝ Էդուարդ Ազարյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ