19:50  ,  2 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Օգոստոսի 3-ին Հայաստանը կունենա 6 մասնակից

Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանն օգոստոսի 3-ին կունենա 6 մասնակից աթլետիկայում, բռնցքամարտում, ըմբշամարտում եւ ծանրամարտում։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում օգոստոսի 3-ին Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցագորգ դուրս կգա 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը։

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը (2018, 2019, 2020) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից։ 26-ամյա ըմբիշը  կմրցի 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 34-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ: Հաղթողը քառորդ եզրափակիչում կարող է հանդիպել աշխարհի կրկնակի չեմպիոն, 33-ամյա կորեացի Ռյու Սան Սուի հետ, որը պայքարը կսկսի որակավորման փուլից:

67 կգ քաշային կարգի գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 06:30-ին:

77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Կարապետ Չալյանը, որի մրցակիցը կլինի ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովի ու թունիսցի Լամջեդ Մաաֆիի միջև սփոփիչ գոտեմարտի հաղթողը:

97 կգ քաշային կարգի եզրափակիչում 2016թ. օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կգոտեմարտի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 28-ամյա ռուսաստանցի Մուսա Եվլոևի հետ:

Կիսաեզրափակիչները, բրոնզե մեդալի համար գոտեմարտերն ու եզրափակիչները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 13։15-ին։ Եզրափակիչը նախնական՝ 15։15–ին։

Բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը 63 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում կմենամարտի Ուզբեկստանի ներկայացուցիչ, 2017թ․ Ասիայի չեմպիոն, 2015թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ԱՄՆ-ում բնակվող Էլնուր Աբդուրաիմովի հետ, որը 1/8 եզրափակիչում 5։0 հաշվով հաղթել է տաջիկ Բախոդուր Ուսմոնովին։

Մենամարտը կմեկնարկի Երեւանի ժամանակով 07։03–ին։ Հաղթանակի դեպքում Հավհաննես Բաչկովը կապահովի առնվազն բրոնզե մեդալ։

Աթլետիկայի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լեւոն Աղասյանը օգոստոսի 3–ին կմասնակցի եռացատկի նախնական փուլին։ Նա Բ խմբի 16 մասնակիցներից կմեկնարկի 9–րդը։ Եվս 16 եռացատկորդ ընդգրկված կլինի Ա խմբում։

Եզրափակիչ դուրս կգան 17,05 մետր արդյունք ցույց տված մարզիկները կամ 12 լավագույները։ Լեւոն Աղասյանի անձնական ռեկորդը 17,16 մետր է, սահմանել է այս տարի։

Եռացատկի նախնական փուլը տեղի կունենա Երեւանի ժամանակով 04:00-07:35-ը:

Օգոստոսի 3–ին մրցահարթակ դուրս կգա ծանրամարտի տղամարդկանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը։

109 կգ քաշայինների Ա խմբի մրցումը կսկսվի Երեւանի ժամանակով 14։50-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով