00:14  ,  2 օգոստոսի, 2021

Կարեն Խաչանով. Մինչև այս նույնիսկ չէի կարող երազել, որ արծաթե մեդալ կնվաճեմ Օլիմպիական խաղեում

Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովն Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մրցաշարի փոխչեմպիոն դառնալուց հետո կիսվել է տպավորություններով: Եզրափակիչում 25-ամյա հայ թենիսիստը 3:6, 1:6 հաշվով պարտվել էր գերանացի Ալեքսանդր Զվերևին, որը նվաճեց Գերմանիայի չորրորդ ոսկե մեդալը Տոկիո-2020-ում:

«Մրցակիցս շատ լավն էր այսօր: Այնպիսի տպավորություն էր, որ նա պարզապես չի սխալվում: Օլիմպիական խաղերը նույնքան կարևոր են ինձ համար, որքան «Մեծ սաղավարտի» մրցաշարերը: Սակայն Զվերևը պարզապես շատ լավն էր այսօր: Սկզբից մինչև վերջ նա անցկացրեց զարմանալի հանդիպում:

Մինչև այս նույնիսկ երազել չէի կարող, որ արծաթե մեդալ կնվաճեմ Օլիմպիական խաղեում: Իհարկե, ցանկանում էի դառնալ ոսկե մեդալակիր: Կփորձեմ դա անել հաջորդ Օլիմպիական խաղերում: Պարտությունը թողնում է իր հետքը, ես հուսահատված եմ, սակայն դա սպորտի մի մասն է: Հնարավոր չէ պարտվել ու ասել, որ ամեն բան նորմալ է:

Եթե ինձ մրցաշարից առաջ ասեին, որ այստեղ եմ գալու և նվաճելու եմ 3 մեդալներից մեկը, ես սիրով կհամաձայնեի»,- Խաչանովի խոսքը մեջբերում է Sport24-ը:

Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովը Տոկիո-2020-ի առաջին շրջանում հաղթել էր Ճապոնիայի ներկայացուցիչ Յոսիհիտո Նիսիոկուին (3:6, 6:1, 6:2), երկրորդ շրջանում՝ ավստրալացի Ջեյմս Դաքվորթին (7:5, 6:1), երրորդ շրջանում՝ արգենտինացի Դիեգո Շվարցմանին (6:1, 2:6, 6:1), իսկ քառորդ եզրափակիչում՝ ֆրանսիացի Ուգո Ումբերին (7:6, 4:6, 6:3), իսկ կիսաեզրափակիչում՝ իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստային (6:3, 6:3):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով