11:11  ,  1 օգոստոսի, 2021

Լեւոն Աղասյանը՝ Տոկիոյից. Օլիմպիական խաղերում աննկարագրելի մթնոլորտ է (տեսանյութ)

Օլիմպիական խաղերում աննկարագրելի մթնոլորտ է: Ռոբերտ Էմմիյանի հետ վերջին մարզումներն անցկացրինք այստեղ: Կոնկրետ աշխատանքն իր արդյունքները տվեց մարզումների ժամանակ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տոկիոյից ասաց Հայաստանի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը:

Հուլիսի 25-ից Ճապոնիայի մայրաքաղաքում գտնվող Լեւոն Աղասյանն արդեն օլիմպիական եւ մրցումային տրամադրության մեջ է: Հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ղեկավարությամբ Լեւոն Աղասյանը վերջին մարզումներն է անցկացրել Տոկիոյի Օլիմպիական ստադիոնի նախավարժանքի համար նախատեսված հատվածում: 

Լեւոն Աղասյանը վերջին մարզումներից հատված է տրամադրել NEWS.am Sport«Օլիմպիական VLOG»-ին:

«Մարզումներս անցան լավ, ինչպես նախատեսել եւ պատրաստվել էինք։ Օլիմպիական Տոկիոյում առաջին օրերը մի քիչ դժվար էին ժամային գոտի ու կլիմա փոխելու պատճառով: Արագ հարմարվեցինք։ Այստեղ փոքր հավաք ստացվեց, մարզվեցինք հենց Օլիմպիական ստադիոնի հարակից նախավարժանքի համար նախատեսված մարզադաշտում։ Ընդհանուր լավ եմ զգում։ Կոնկրետ աշխատանքը իր արդյունքը տվեց մարզումների ժամանակ։ Կարծում եմ՝ մրցման ժամանակ ամեն ինչ լավ կլինի։

Օլիմպիական մթնոլորտն, իհարկե, անհամեմատելի երևույթ է՝ գույներ, մրցման ոգի, բարձր տրամադրություն, նոր ծանոթություններ եւ այլն։ Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները շատ են, դրանք բացասական ազդեցություն են թողնում Օլիմպիական խաղերի վրա: Իհարկե, արդեն հարմարվել ենք այս կարգավիճակին ու մեզ այդ սահմանափակումները շատ չեն խանգարում: Մեր թիմը շատ լավ է տրամադրված։ Բոլորն ունեն բարձր տրամադրություն, ամենակարեւորը՝ հայի ոգով։ Կարծում եմ` ովքեր դեռ ունեն մրցելույթներ, շատ լավ հանդես կգան»,- ասաց Լեւոն Աղասյանը:

Տոկիո-2020-ը Լեւոն Աղասյանի երկրորդ Օլիմպիական խաղերն են։ Նա Տոկիոյում կմեկնարկի օգոստոսի 3-ին՝ Երեւանի ժամանակով 04:00-07:35-ը:

17 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականից Տոկիո-2020-ում մրցելույթներն ավարտել են ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52), Արման Դարչինյանը (75 կգ), հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը, ծանրորդ Իզաբելլա Յայլյանը (59 կգ):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ