32-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 1-ին կմեկնարկի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարը, որտեղ Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ՝ Արմեն Մելիքյան (60 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Կարապետ Չալյան (77 կգ) եւ Արթուր Ալեքսանյան (97 կգ):
Հայաստանի առաջին ներկայացուցիչը Արմեն Մելիքյանն է, որը մրցագորգ է դուրս գալու օգոստոսի 1-ին: Արդեն հայտնի է նրա մրցակիցը, բայց 25-ամյա ըմբիշը մինչեւ մրցագորգ դուրս գալու պահը չի ցանկանում իմանալ, թե ում հետ է վիճարկելու քառորդ եզրափակիչի ուղեգիրը:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տոկիոյից Արմեն Մելիքյանը պատմեց նախագոտեմարտային տրամադրության, եւ գոտեմարտին տրամադրվելու իր կողմից մշակված հատուկ տակտիկայի մասին:
«Այստեղ ամեն ինչ հրաշալի է: Օլիմպիական խաղերում օրերը հետաքրքիր են անցնում: Արդեն պատրաստ ենք մեկնարկի: Միակ վատն այն է, որ մրցման դահլիճը դատարկ է լինելու եւ հանդիսատես, երկրպագողներ չկան: Վաղն արդեն այդ կարեւոր օրն է:
Դեռ չգիտեմ, թե ով է լինելու մրցակիցս: Այսինքն՝ արդեն պարզ է, վիճակահանությունը եղել է, բայց ես ինքս չգիտեմ մրցակցիս: Այս պահին պետք չի, որ իմանամ: Վաղը մրցագորգ դուրս կգամ եւ արդեն տեղում կիմանամ, հենց տեղում կտրամադրվեմ գոտեմարտիս: Այժմ դեռ շատ ժամանակ կա, պետք չի, որ այս պահից սկսեմ տրամադրվել գոտեմարտին, մրցակցիս:
Տրամադրությունս բարձր է, ինքս ուրախ մարդ եմ եւ փորձում եմ ինձ որեւէ մտքով, գոտեմարտի մասին մտածմունքերով չլարել: Այստեղ հասցրել ենք մարզումներ ունենալ, մարզիչների հետ աշխատել: Շուտով մեզ կմիանան թիմի մյուս անդամները եւ Աստծո կամքով ամեն ինչ լավ կլինի»,- ասաց Արմեն Մելիքյանը:

Նշենք, որ հուլիսի 31-ին Տոկիոյում տեղի է ունեցել հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի առաջին երեք քաշային կարգերի վիճակահանությունը։ 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, 25-ամյա Արմեն Մելիքյանը 1/8 եզրափակիչում կգոտեմարտի 2019թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 22-ամյա իրանցի Ալի Ռեզա Նեջատիի հետ։ Գոտեմարտերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 06։00-ից։ Արմեն Մելիքյանը Ա մրցագորգ դուրս կգա չորրորդը։
Հայաստանի թիմի մյուս ներկայացուցիչներ Կարապետ Չալյանը, Արթուր Ալեքսանյանը պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 2-ին: Կարեն Ասլանյանը գորգ դուրս կգա օգոստոսի 3-ին: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարն անցկացվելու է օգոստոսի 1-7-ը: Մրցաշարի մրցավարական կազմում Օլիմպիական խաղերը սպասարկելու է միջազգային կարգի մրցավար, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը: Նա արդեն օլիմպիական Տոկիոյում է:

Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի