15:40  ,  28 հուլիսի, 2021

Վարսենիկ Մանուչարյանը՝ Տոկիոյից. Նման բան երբեք չէր եղել ինձ հետ

Կանգեցի մեկնարկին ու ոտքերս սկսեցին անհասկանալի դողալ: Նախկինում այդպիսի բան երբեք ինձ հետ չէր եղել: Շատ դժգոհ եմ իմ արդյունքից, նույնսիկ անձնական ռեկորդ չսահմանեցի: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տոկիոյից ասաց լողորդ Վարսենիկ Մանուչարյանը, որն ավարտել է ելույթը Տոկիո-2020-ում:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողի մրցաշարում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը 100 մետր ազատ ոճում գրանցեց 59.18 վայրկյան արդյունք և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Երկրորդ լողահերթում 18-ամյա մարզուհին 6-րդն էր: Ընդհանուր հաշվարկում նա 45-րդ տեղը գրավեց 51 մասնակիցների մեջ:

«Արդյունքիցս դժգոհ եմ եւ շատ նյարդայնացած: Մարզումներին շատ լավ էի լողում, լավ արդյունք էի ցույց տալիս, նույնիսկ՝ իմ ամենալավ արդյունքներից բարձր: Այստեղ չհասկացա, թե ինչու ոչինչ չստացեց: Առհասարակ լարված չէի, ոչնչի մասին չէի մտածում, չէի կենտրոնացել այն մտքի վրա, որ սա Օլիմպիական խաղեր է: Ես սովորաբար մրցումների ժամանակ չեմ լարվում: Բայց այսօր եկա, կանգնեցի մեկնարկին ու ոտքերս սկսեցին այնպես դողալ: Չհասկացա՝ ինչու, որովհետեւ երբեք այսպես որեւէ մրցման ժամանակ չեմ լարվել, նույնիսկ չեմ էլ մտածում, որ մրցում է: Այս անգամ չգիտեմ՝ ինչու այդպես եղավ: Նույնիսկ անձնական ռեկորդ չսահմանեցի...»,- ասաց Վարսենիկ Մանուչարյանը:

Հիշեցնենք, որ Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի օլիմպիական հավաքականի ամենակրտսեր ներկայացուցիչն է: Տոկիո-2020-ի ուղեգիրը նա ստացել է սպիտակ քարտի միջոցով:

Տոկիո-2020-ի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) Հայաստանի դրոշակակիրներն էին:

Տոկիո-2020-ի լողի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Բարսեղյանը հուլիսի 27-ին 38-րդ տեղն էր գրավել 100 մետր ազատ ոճում՝ գրանցելով 49.78 վայրկյան արդյունք: Հուլիսի 30-ին Արթուր Բարսեղյանն ուժերը կփորձի նաև 50 մետր ազատ ոճում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով