10:29  ,  27 հուլիսի, 2021

Տոկիո-2020. Բերմուդյան կղզիների պատմական ոսկին ու օրվա առաջին մեդալակիրները (ֆոտո)

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 27-ին վիճարկվում են մեդալների 22 հավաքածուներ, որոնցից մի քանիսն արդեն գտել են իրենց տերերին:

Տրիատլոնի կանանց պայքարում օլիմպիական չեմպիոն է դարձել Բերմուդյան կղզիները ներկայացնող Ֆլորա Դաֆին: 1 ժամ, 55 րոպե, 36 վայրկյանում նա լողալով անցել է 1.5 կմ, հեծանիվով՝ 40 կմ ու վազել 10 կմ: Դա Բերմուդյան կղզիների առաջին ոսկե մեդալն էր Օլիմպիական խաղերի պատմության մեջ:

Այդ մրցաձևում երկրորդ տեղը գրավել է բրիտանացի Ջորջիա Թրեյլոր-Բրաունը (1:56:36), իսկ ամերիկուհի Քեթր Զաֆերեսը նվաճել է բրոնզե մեդալ (1:57:03):

Լողի տղամարդկանց 200 մետր ազատ ոճում ոսկե մեդալակիր է դարձել Մեծ Բրիտանիան ներկայացնող Թոմ Դինը` գրանցելով 1.44,22 արդյունքը: Նրա հայրենակից Դանկան Սքոթը երկրորդն էր (1.44,26), իսկ եռյակը եզրափակել է բրազիլացի Ֆերնանդո Շեֆերը (1.44,66):

Կանանց 100 մետր թիկնալողում ամենաուժեղը եղել է ավստրալուհի Կեյլի Մակիոունը, որը հաղթել է օլիմպիական ռեկորդով՝ 57,47 վայրկյան: Օլիմպիական փոխչեմպիոն է դարձել կանադացի Կայլի Մասը (57,72), իսկ ամերիկուհի Ռիգան Սմիթը (58,05) զբաղեցրել է երրորդ տեղը:

Տղամարդկանց 100 մետր թիկնալողի մրցումն անցել է ռուս լողորդների գերիշխանությամբ: Եվգենի Ռիլովը 51.98 արդյունքով (Եվրոպայի ռեկորդ) գրավել է առաջին տեղը, իսկ նրա հայրենակից Կլիմենտ Կոլեսնիկովը (52.00) դարձել է արծաթե մեդալակիր: Բրոնզե մեդալը բաժին է հասել ամերիկացի Ռայան Մերֆիին (52.19):

Կանանց 100 մետր բրաս լողաոճում հաղթել է ամերիկուհի Լիդիյա Յակոբին (1:04.95): ՀԱՀ-ը ներկայացնող Տատյանա Սխունմակերը երկրորդն էր (1.05,22), իսկ լավագույն եռյակը եզրափակել է ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Լիլի Քինգը (1.05,54):

Հրաձգության մրցաշարի միկտս (կին-տղամարդ) մրցաձևի օդամուղ ատրճանակ 10 մետրից վարժությունում չեմպիոնի կոչումը նվաճել է Չինաստանը ներկայացնող Ցզյան Ռանսին – Պաու Վեյ զույգը, որը եզրափակիչում հաղթել է ռուսաստանցիներ Վիտալինա Բացարաշկինային ու Արտյոմ Չեռնոուսովին՝ 16:14: Բրոնզե մեդալի համար մրցամարտում Ուկրաինայի թիմն ուժեղ է գտնվել սերբերից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս