20:02  ,  25 հուլիսի, 2021

Տոկիո-2020․ Հուլիսի 26-ին Հայաստանը կունենա 2 մասնակից

Տոկիոյի Օլիմպիական խաղերում հուլիսի 26-ին Հայաստանը կունենա երկու մասնակից։

Բռնցքամարտի 52 կգ քաշային կարգում Կորյուն Սողոմոնյանը 1/16 եզրափակիչում կմենամարտի Անգլիան ներկայացնող Ջալալ Յաֆայի հետ։ Մենամարտը նախատեսված է Երեւանի ժամանակով 11։15-ին։

Ձյուդոյի մրցաշարի հերթական օրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 06։00-ից։ Այս մարզաձեւում Հայաստանի միակ ներկայացուցիչը 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանն է։ Նրա գոտեմարտը 1/32 եզրափակիչում երկրորդ մրցագորգի վրա կլինի 16-րդը։ Մրցակիցը ղազախ Ժանսայ Սմագուլովն է։

Կորյուն Սողոմոնյան, բռնցքամարտ, 52 կգ քաշային կարգ

Ծնվել է 1993 թվականի մայիսի 16-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղում:

Անձնական մարզիչը հայրն է՝ Սամվել Սողոմոնյանը:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: 

Կորյուն Սողոմոնյանը բռնցքամարտով զբաղվում է 8 տարեկանից: Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2009 թվականին Երեւանում անցկացված պատանիների աշխարհի առաջնությունում դարձել է չեմպիոն, 2010 թվականին Բաքվում մասնակցել է պատանիների աշխարհի առաջնությանը, բայց չի հաջողվել պահպանել չեմպիոնի տիտղոսը: 

2011 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2012 թվականի Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների չեմպիոն: 2015 թվականի մեծահասկաների Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը:

2017-ից թվականից երկու տարի Կորյուն Սողոմոնյանի մարզական կարիերայում դադար է եղել: Վերադարձել է 2019 թվականին եւ նույն տարում դարձել ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ Երեւանում դեկտեմբերի 13-18-ը անցկացված «Կաշվե ձեռնոց» բռնցքամարտի ընտրական մրցաշարի հաղթող:

Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2020 թվականի մարտի 16-ին Լոնդոնում մեկնարկած ու կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցված օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Ֆերդինանդ Կարապետյան, ձյուդո, 73 կգ քաշային կարգ

Ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 19-ին Վարդենիսում: 6 տարեկանից բնակվում է Վլադիկավկազում: Ամուսնացած է։

Անձնական մարզիչներն են Վլադիկավկազում՝ Մուրադ Գասիբը, Աիլարով Իրբեկը, Հայաստանում՝ Թաթուլ Հովհաննիսյանը:

Ֆերդինանդ Կարապետյանը մինչեւ 2015 թվականը հանդես է եկել ձյուդոյի Ռուսաստանի հավաքականի կազմում 66 կգ քաշային կարգում: 2013 թվականի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր է, 2014 թվականի Ռուսաստանի փոխչեմպիոն:  2015-2016 թվականներին փոխել է մարզական քաղաքացիությունը: 2016 թվականից հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կազմում 73 կգ քաշային կարգում:  

Հայաստանի եռակի չեմպիոն է, Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր, 2017 թ. European Judo Open միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր, համառուսաստանյան 7-րդ բաց առաջնության արծաթե մեդալակիր, 2018 թ. «Մեծ Սաղավարտ» օլիմպիական վարկանիշային մրցաշարի բրոնզե մեդալակիր:

2018 թվականի ապրիլին Իսրայելում  տեղի ունեցած Եվրոպայի առաջնության 73 կգ քաշային կարգում եզրափակիչում հաղթել է ադրբեջանցի Հիդայաթ Հեյդարովին եւ նվաճել ոսկե մեդալ՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:

2020 թվականի Թել Ավիվի Գրան պրի մրցաշարի արծաթե մեդալակիր է, 2021 թվականի Տաշկենտի «Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարի բրոնզե մեդալակիր:

Ֆերդինանդ Կարապետյանը հանդես է գալիս նաեւ ակումբային առաջնություններում: 2020 թվականին «Համբուրգի» կազմում դարձել է Գերմանիայի ակումբային չեմպիոն:

Տոկիո-2020 օլիմպիական ուղեգիրը նվաճել է վարկանիշային միավորներով՝ ընդգրկվելով համաշխարհային վարկանիշային աղյուսակի լավագույն ձյուդոիստների ցուցակում:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ