12:13  ,  25 հուլիսի, 2021

Էլմիրա Կարապետյանը՝ Տոկիոյից․Արդյունքիցս գոհ չեմ, բայց լավ եմ կրակել

Լավ եմ կրակել,  բայց միավորներս չբավականացրեց երզափակիչ դուրս գալու համար: Ինքս ինձանից գոհ եմ,  արդյունքիցս՝ ոչ: Օլիմպիական խաղերն ինձ մեծ փորձ ու մոտիվացիա տվեց հաջորդ Խաղերին ավելիին գնալու համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տոկիոյից ասաց հրաձիգ Էլմիրա Կարապետյանն՝ ամփոփելով մասնակցությունը Տոկիո-2020-ում:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում  հրաձգության մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը մասնակցեց 10 մետրից օդամուղ ատրճանակի մրցաձեւին եւ 53 մասնակիցների մեջ գրավեց 18-րդ տեղը՝ հավաքելով 573 միավոր: Նա չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը։

Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Վիտալինա Բացարաշկինան՝ 240,3 (օլիմպիական ռեկորդ)։

«Արդյունքիցս գոհ չեմ, բայց լավ եմ կրակել: Նախորդում ասել էի, որ չեմ առաջնորդվում՝ մասնակցությունն արդեն հաղթանակ է կարգախոսով: Ոչ: Հաղթանակը միայն մեդալն է, իսկ ես մեդալ չնվաճեցի: Լարվածություն չունեի, ամեն ինչ շատ հանգիստ էր ընթանում: Որակավորման փուլի  նախավերջին կրակահերթում, չգիտեմ ինչու, մի պահ կենտրոնացումս շեղվեց, պակասեց այդ պահին: Ժամանակս չէր բավարարի, որ դուրս գայի, հանգստանայի, հետ գայի: Ընթացքում եկավ կենտրոնացումս եւ վերջին կրակահերթոմ 98 միավոր խոցեցի: Հենց այդ մեկ նախավերջին կրակահերթը զրկեց ինձ եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից: Այս արդյունքը չի կարող գոհացնող լինել: Ամեն դեպքում ես գիտեմ, որ կարող էի ավելին, մինչեւ անգամ մեդալ նվաճել»,- ասաց Էլմիրա Կարապետյանը:

Տոկիո-2020-ում Հայաստանի միակ հրաձիգը մրցելույթից հետո է միայն բացահայտում Օլիմպիական խաղերից առաջ եւ հենց մրցավայրում ծագած կազմակերպչական խնդիրների մասին:  

«Մրցելույթիցս առաջ գրեթե 10-ը օր չեմ մարզվել: Նախ՝ Երեւանում զենքիս հետ կապված խնդիր կար, մի քանի օր այդպես փորձում էինք զենքս վերականգնել ու չէի մարզվում: Ապա բոլորից շուտ հուլիսի 15-ին մեկնեցի Տոկիո, որպեսզի հեշտ հարմարվեմ ժամային գոտուն եւ այդ ընթացքում կարողանամ այստեղ փոքր հավաք անցկացնել, քանի որ Օլիմպիական խաղերից առաջ արտագնա հավաքի հնարավորություն չունեցա: Թե կորոնավիրուսի, թե այլ խնդիրների պատճառով նախապես ծրագրված հավաքներս չեղարկվեցին եւ ես ստիպված եղա Երեւանում շարունակել նախապատրաստվել Օլիմպիական խաղերին:

Հուլիսի 15-ին մեկնեցի Տոկիո՝ առանց զենքի: Օդանավակայանում զենքիս հետ կապված խնդիր առաջացավ: Փաստաթղթերի  հետ ինչ-որ խնդիր կար, որը հնարավոր չեղավ տեղում լուծել ու ես  թռա Տոկիո առանց զենքի: Մի քանի օր որպես տուրիստ էի շրջում, այն դեպքում, երբ հրաձիգները մարզվում էին:

Զենքս ինձ հասավ Հայաստանի պատվիրակության երկրորդ խմբի հետ: Ի դեպ, շնորհակալ եմ նրանց, մասնավորապես բռնցքամարտիկների մարզիչ Ռոբերտ Պետրոսյանին, զենքս ինձ հասցնելու համար:

Օլիմպիական խաղերում մեկնարկից առաջ լիարժեք մարզվեցի երեւի 3 օր, ինչը շատ քիչ էր ինձ համար»,- մանրամասնեց Էլմիրա Կարապետյանը:

27-ամյա հրաձիգի խոսքով՝ Օլիմպիական խաղերի մասնակցությունը մեծ փորձ է եւ մոտիվացիա՝ հաջորդ մրցաշարերում ավելի վստահ հանդես գալու եւ բարձր արդյունքներ գրանցելու համար:

«Օլիմպիական խաղերի մասնակցությունն ինձ մեծ փորձ տվեց: Այստեղ ուժեղագույններն էին պայքարում, աշխարհի լավագույն հրաձիգները: Ամեն ինչ հրաշալի անցավ, եւ ես մեծ փորձ ձեռք բերեցի այս Օլիմպիական խաղերում: Սա Եվրոպայի, աշխարհի առաջնություն չէ, ամեն ինչ այլ է: Մրցահարթակում կանգնած հասկանում ես, որ ուժեղների կռիվ է, ավելին՝ հասկանում ես, որ դու նրանցից ոչնչով պակաս չես ու բոլոր հնարավորություններն ունես մեդալային պայքարում լինելու համար, հատկապես երբ քեզ մեկ-երկու միավոր է պակասում:

Ուրախ եմ, որ կարողացա ուղեգիր նվաճել,  Օլիմպիական խաղերին մասնակցել, որն ինձ ավելի մեծ ինքնավստահություն կտա առաջիկայում՝ Եվրոպայի, աշխարհի առաջնություններում ավելի լավ ու վստահ մասնակցությունների համար»,- ամփոփեց Էլմիրա Կարապետյանը:

17 մասնակցից բաղկացած Հայաստանի պատվիրության առաջին օլիմպիականն ավարտեց ելույթը Տոկիո-2020-ում եւ հուլիսի 26-ին կվերադառնա Երեւան:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով