12:13 25 հուլիսի, 2021Լավ եմ կրակել, բայց միավորներս չբավականացրեց երզափակիչ դուրս գալու համար: Ինքս ինձանից գոհ եմ, արդյունքիցս՝ ոչ: Օլիմպիական խաղերն ինձ մեծ փորձ ու մոտիվացիա տվեց հաջորդ Խաղերին ավելիին գնալու համար:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տոկիոյից ասաց հրաձիգ Էլմիրա Կարապետյանն՝ ամփոփելով մասնակցությունը Տոկիո-2020-ում:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հրաձգության մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը մասնակցեց 10 մետրից օդամուղ ատրճանակի մրցաձեւին եւ 53 մասնակիցների մեջ գրավեց 18-րդ տեղը՝ հավաքելով 573 միավոր: Նա չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը։
Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Վիտալինա Բացարաշկինան՝ 240,3 (օլիմպիական ռեկորդ)։
«Արդյունքիցս գոհ չեմ, բայց լավ եմ կրակել: Նախորդում ասել էի, որ չեմ առաջնորդվում՝ մասնակցությունն արդեն հաղթանակ է կարգախոսով: Ոչ: Հաղթանակը միայն մեդալն է, իսկ ես մեդալ չնվաճեցի: Լարվածություն չունեի, ամեն ինչ շատ հանգիստ էր ընթանում: Որակավորման փուլի նախավերջին կրակահերթում, չգիտեմ ինչու, մի պահ կենտրոնացումս շեղվեց, պակասեց այդ պահին: Ժամանակս չէր բավարարի, որ դուրս գայի, հանգստանայի, հետ գայի: Ընթացքում եկավ կենտրոնացումս եւ վերջին կրակահերթոմ 98 միավոր խոցեցի: Հենց այդ մեկ նախավերջին կրակահերթը զրկեց ինձ եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից: Այս արդյունքը չի կարող գոհացնող լինել: Ամեն դեպքում ես գիտեմ, որ կարող էի ավելին, մինչեւ անգամ մեդալ նվաճել»,- ասաց Էլմիրա Կարապետյանը:
Տոկիո-2020-ում Հայաստանի միակ հրաձիգը մրցելույթից հետո է միայն բացահայտում Օլիմպիական խաղերից առաջ եւ հենց մրցավայրում ծագած կազմակերպչական խնդիրների մասին:
«Մրցելույթիցս առաջ գրեթե 10-ը օր չեմ մարզվել: Նախ՝ Երեւանում զենքիս հետ կապված խնդիր կար, մի քանի օր այդպես փորձում էինք զենքս վերականգնել ու չէի մարզվում: Ապա բոլորից շուտ հուլիսի 15-ին մեկնեցի Տոկիո, որպեսզի հեշտ հարմարվեմ ժամային գոտուն եւ այդ ընթացքում կարողանամ այստեղ փոքր հավաք անցկացնել, քանի որ Օլիմպիական խաղերից առաջ արտագնա հավաքի հնարավորություն չունեցա: Թե կորոնավիրուսի, թե այլ խնդիրների պատճառով նախապես ծրագրված հավաքներս չեղարկվեցին եւ ես ստիպված եղա Երեւանում շարունակել նախապատրաստվել Օլիմպիական խաղերին:

Հուլիսի 15-ին մեկնեցի Տոկիո՝ առանց զենքի: Օդանավակայանում զենքիս հետ կապված խնդիր առաջացավ: Փաստաթղթերի հետ ինչ-որ խնդիր կար, որը հնարավոր չեղավ տեղում լուծել ու ես թռա Տոկիո առանց զենքի: Մի քանի օր որպես տուրիստ էի շրջում, այն դեպքում, երբ հրաձիգները մարզվում էին:
Զենքս ինձ հասավ Հայաստանի պատվիրակության երկրորդ խմբի հետ: Ի դեպ, շնորհակալ եմ նրանց, մասնավորապես բռնցքամարտիկների մարզիչ Ռոբերտ Պետրոսյանին, զենքս ինձ հասցնելու համար:
Օլիմպիական խաղերում մեկնարկից առաջ լիարժեք մարզվեցի երեւի 3 օր, ինչը շատ քիչ էր ինձ համար»,- մանրամասնեց Էլմիրա Կարապետյանը:
27-ամյա հրաձիգի խոսքով՝ Օլիմպիական խաղերի մասնակցությունը մեծ փորձ է եւ մոտիվացիա՝ հաջորդ մրցաշարերում ավելի վստահ հանդես գալու եւ բարձր արդյունքներ գրանցելու համար:
«Օլիմպիական խաղերի մասնակցությունն ինձ մեծ փորձ տվեց: Այստեղ ուժեղագույններն էին պայքարում, աշխարհի լավագույն հրաձիգները: Ամեն ինչ հրաշալի անցավ, եւ ես մեծ փորձ ձեռք բերեցի այս Օլիմպիական խաղերում: Սա Եվրոպայի, աշխարհի առաջնություն չէ, ամեն ինչ այլ է: Մրցահարթակում կանգնած հասկանում ես, որ ուժեղների կռիվ է, ավելին՝ հասկանում ես, որ դու նրանցից ոչնչով պակաս չես ու բոլոր հնարավորություններն ունես մեդալային պայքարում լինելու համար, հատկապես երբ քեզ մեկ-երկու միավոր է պակասում:
Ուրախ եմ, որ կարողացա ուղեգիր նվաճել, Օլիմպիական խաղերին մասնակցել, որն ինձ ավելի մեծ ինքնավստահություն կտա առաջիկայում՝ Եվրոպայի, աշխարհի առաջնություններում ավելի լավ ու վստահ մասնակցությունների համար»,- ամփոփեց Էլմիրա Կարապետյանը:
17 մասնակցից բաղկացած Հայաստանի պատվիրության առաջին օլիմպիականն ավարտեց ելույթը Տոկիո-2020-ում եւ հուլիսի 26-ին կվերադառնա Երեւան:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.