23:22  ,  24 հուլիսի, 2021

Տոկիո-2020. 2-րդ մեդալային օրը Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի երկրորդ մեդալային օրը 17 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականը կունենա երկու ներկայացուցիչ՝ հրաձիգ Էլմիրա Կարապետյան եւ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկով (63 կգ):

Հուլիսի 25-ին՝ Երեւանի ժամանակով 04:00-ից, մեկնարկում է հրաձգության կանանց մրցաշարի որակավորման փուլը: Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը կպայքարի 10 մետր ատրճանակ մրցաձեւում:

Էլմիրա Կարապետյանը 33-րդն է: Որակավորման փուլի արգելքը հաղթահարելու դեպքում նա պայքարը կշարունակի երզափակիչում, որը կմեկնարկի Երեւանի ժամանակով 06:15-ից:

Էլմիրա Կարապետյան 

Ծնվել է 1994 թվականի մայիսի 18-ին Երեւանում:

Անձնական մարզիչ՝ Արմեն Ավագյան

Էլմիրա Կարապետյանը հրաձգությամբ զբաղվում է 19 տարեկանից: 2013 թվականին առաջին անգամ մասնակցել է մեծահասակների Հայաստանի առաջնությանը եւ նվաճել ոսկե մեդալ՝ լրացրելով սպորտի վարպետի կոչման համար նախատեսված նորմատիվը, իսկ 2014 թվականին ստացել է սպորտի վարպետի կոչում: 2014-2020 թվականների Հայաստանի չեմպիոն է: 2018թ. Ուկրաինայի միջազգային մրցաշարի հաղթող է, նույն տարում դարձել է Եգիպտոսում անցկացված միջազգային մրցաշարի փոխչեմպիոն, 2019 թվականի Քուվեյթի Գրան Պրիի արծաթե մեդալակիր, 2020 թվականի նույն մրցաշարի բրոնզե մեդալակիր: 2019 թվականին լրացրել է միջազգային կարգ:

2021 թվականի մայիսի 20-29-ը Խորվաթիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը:

Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիրը նվաճել է Եվրոպայի առաջնության արդյունքներով:

Ամուսնացած է:

Հուլիսի 25-ին Տոկիո-2020-ում հայ բռնցքամարտիկներից առաջինը հանդես կգա Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (63կգ):

Հայաստանի հավաքականի ավագը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ նրա մրցակիցը կլինի Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոն։ Մենամարտը կսկսվի Երեւանի ժամանակով 08:06-ից:

Հովհաննես Բաչկով

Ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիում։

Անձնական մարզիչ՝ Ռուդիկ Մկրտչյան

Ամուսնացած է, ունի երկու որդի։  

Հովհաննես Բարկովը Հայաստանի բազմակի չեմպիոն է, միջազգային մրցաշարերի հաղթող, 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 եւ 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։  

Հովհաննես Բաչկովը  հանդես է գալիս նաեւ պրոֆեսիոնալ ռինգում։ 2020 թվականի հուլիսի 29-ին պայմանագիր է կնքել MTK Global մենեջերական ընկերության հետ։ Առաջին մենամարտն անցկացրել է 2020 թվականի հոկտեմբերի 9–ին Դուբայում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի Rotunda Rumble IV երեկոյի ընթացքում, որտեղ միաձայն որոշմամբ հաղթել է 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին։

Երկրորդ մենամարտն անցկացրել է 2021 թվականի ապրիլի 9-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում #MTKFightNight երեկոյի ընթացքում, որտեղ առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել ազգությամբ թուրք, Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովին։

Տոկիո-2020 օլիմպիական ուղեգիրը նվաճել է Եվրոպայի վարկանիշով։ Իր քաշային կարգում Հովհաննես Բաչկովը Եվրոպայի առաջին համարն է։

Ուղեգիրը հաստատվել է 2021 թվականի հունիսի 28-ին։

Լուսնեի Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս