12:50  ,  24 հուլիսի, 2021

Տոկիո մեկնած Լեւոն Աղասյան. Լավ մարզավիճակում եմ Օլիմպիական խաղերից առաջ (ֆոտոշարք)

Բարձր տրամադրությամբ, լավ մարզավիճակում մեկնում եմ իմ երկրորդ Օլիմպիական խաղերին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լեւոն Աղասյանը հուլիսի 24-ին՝ ժամը 05:35-ին, Երեւան - Փարիզ - Տոկիո չվերթով մեկնեց Ճապոնիայի մայրաքաղաք:

«Բարձր տրամարդությամբ եմ մեկնում: Սա ինձ համար երկրորդ Օլիմպիական խաղերն են, եւ այս անգամ ավելի հանգիստ եմ: Մեկնում եմ Օլիմպիական խաղեր այնպես, ինչպես աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների: Մի փոքր հոգնած եմ, դեռ երկար ճանապարհ պետք է անցնեմ: Կհասցնեմ վերականգնվել, ժամային գոտուն հարմարվել:

Մեկնում եմ Փարիզ, որտեղ ինձ միանալու է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Փարիզից Ռոբերտ Էմմիյանի հետ կմեկնենք օլիմպիական մայրաքաղաք: Վերջին ուսումնամարզական հավաքն անցկացրի իմ հարազատ Կապանում: Շատ լավ մարզումներ եմ ունեցել, լավ մարզավիճակ եմ ձեռք բերել: Ժամային գոտուն հարմարվելուց եւ այնտեղ էլ մարզվելուց հետո կհասնեմ լավագույն մարզավիճակիս»,- ասաց Լեւոն Աղասյանը:

«Զվարթնոց» օդանավակայանում Աղասյանի ուղեբեռի քաշի հետ կապված խնդիր առաջացավ, քանի որ այն սահմանված քաշից ավելի էր: Օդանավակայանի աշխատակիցներն ընդառաջեցին Աղասյանին, երբ տեղեկացան, որ ուղեւորն Օլիմպիական խաղերի մասնակից է եւ մեկնում է Տոկիո: Ավելի ուշ մարզիկը կատակեց, որ ուղեբեռը ծանր է հայկական կոնյակների պատճառով: Լեւոն Աղասյանը Տոկիո կժամանի հուլիսի 25-ի առավոտյան:

17 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականից դեռ Տոկիո չեն մեկնել հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբիշները: Առաջին ըմբիշը՝ հունահռոմեական Արմեն Մելիքյանը, օլիմպիական մայրաքաղաք կմենկի հուլիսի 29-ին հավաքականի մարզիչներ Էդուարդ Սահակյանի եւ Սամվել Գեւորգյանի հետ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով