10:40  ,  20 հուլիսի, 2021

Վիգեն Խաչատրյան. Սիմոն Մարտիրոսյանը դառնալու է օլիմպիական չեմպիոն

Սիմոն Մարտիրոսյանը Տոկիոյի մրցագորգում ապացուցելու շատ բան ունի, որովհետեւ չունի օլիմպիական ոսկե մեդալ, եւ այդ մեդալն անպայման լինելու է: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը:

Տոկիո-2020-ում Սիմոն Մարտիրոսյանի հետ աշխատելու է Վիգեն Խաչատրյանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը որպես մրցավար սպասարկելու է Օլիմպիական խաղերը:

Նախորդ գիշեր, Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ օլիմպիական Տոկիո մեկնեցին 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում ծանրամարտի մրցաշարում Հայաստանի երկու ներկայացուցիչներ Սիմոն Մարտիրոսյանն ու Իզաբելլա Յայլյանը:

Քանի որ Սիմոն Մարտիրոսյանը ուշ է մասնակցելու, Վիգեն Խաչատրյանի խոսքով, Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոնը եւս մեկ հավաք էլ կանցնի Տոկիոյում:

Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս կամփոփեք Տոկիո-2020-ի նախապատրաստական փուլերը, հավաքները:

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլն անցել ենք լիարժեք՝ ինչպես ծրագրված էր, 100 տոկոսանոց պատրաստվածությամբ ենք մոտենում Խաղերին:

Դժվար շրջաններ ունեցանք՝ կորոնավիրուս, պատերազմ: Այդ հոգեվիճակի մեջ դժվար էր լինում մարզվելը, մարզումների մասին, առհասարակ, մտածելը: Միասնական ուժերով կարողացանք հաղթահարել այդ դժվարությունները:  

Պատերազմը, կորոնավիրուսը որքանո՞վ ազդեցին ծանրորդների, Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլերի վրա:

Ես հիշում եմ պատերազմի ընթացքում մեր ծանր օրերը: Բոլորն էլ պատրաստակամ էին, մարտական ոգով: Ուզում էին մեկնել Արցախ՝ պատերազմի: Մեր ղեկավարությունը թույլ չտվեց, քանի որ տղաները պատրաստվում էին Օլիմպիական խաղերին եւ նրանց կռիվը պետք է լիներ օլիմպիական «դաշտում»: Սա կրկնակի պարտավորեցրեց տղաներին եւ թիմին ընդհանուր առմամբ՝ ավելի շատ մարզվել, ավելի մեծ նպատակներ դնել իրենց առաջ, որպեսզի հաղթել միշտ, բոլոր մրցաշարերում, բարձրացնել Հայաստանի դրոշն ու հնչեցնել մեր հիմնը: Այս շրջանը, կարծես, նոր ազդակ էր բոլորիս համար, որ ավելի մեծ ոգեւորությամբ մեր հաղթանակներով աշխարհին ցույց տանք մեր ուժը:

Իսկապես, բարդ անցանք այդ շրջանը, մասնավորապես, պատերազմը: Տղաներն, աղջիկները կանգնած էին մեր կողքին, մենք էլ՝ իրենց: Հաղթահարեցինք եւ կարողացանք պատշաճ պատրաստվել Օլիմպիական խաղերին: Վստահ կարող եմ հայտարարել, որ մենք լիարժեք պատրաստ ենք չեմպիոնական պայքարին Տոկիոյում:

Հավաքներն ու նախապատրաստական փուլերն ավարտված են: Այս պահին ինչպե՞ս եք գնահատում Սիմոն Մարտիրոսյանի եւ Իզաբելլա Յայլյանի մարզավիճակը:

Բրավո իրենց: Այս խոսքերը նրանց պետք է ասեի Օլիմպիական խաղերից հետո, բայց ես արդեն նրանց աչքերում ամեն ինչ տեսել եմ: Նրանք պատրաստ են օլիմպիական մրցագորգ դուրս գալուն: Երկուսն էլ շատ լավ մարզավիճակում են, իսկապես շատ լավ են պատրաստվել: Շատ մեծ աշխատանք է կատարվել: Բրավո նրանց այս աշխատանքի համար: Մեծ ակնկալիքներով ենք մոտենում Խաղերին: Ուրախացնելու ենք մեր ամբողջ ազգին:

Իզաբելլա Յայլյանին միշտ ինչ-որ բան խանգարում է մեծ մեդալի համար: Մեդալային ի՞նչ հնարավորություններ ունի Տոկիոյում:

Նրա մարզավիճակը ոչ թե լավ է, այլ գերազանց: Չեմ կարող վստահ ասել՝ մեդալ կնվաճի, ինչ տեղ կզբաղեցնի, բայց այն, որ Իզաբելլան բարելավել է իր մարզավիճակը, փաստ է: Դեռ երիտասարդ է եւ մեծ պոտենցիալ ունի սպորտում: Նախորդ մրցումներում նրան միշտ խանգարել է իր անձնական քաշը: Այս տարի այդ խնդիրը կարծես հաղթահարեցինք: Նա մեկ անգամ մեծահասակների պայքարում մասնակցեց 55 կգ քաշային կարգում, բայց այնպես չէր, որ միտումնավոր էիք այդ քաշում նրան հայտավորել: Ուղղակի նրա անձնական քաշը 55-ից չէր բարձրանում: Տոկիոյում կմասնակցի 59 կգ քաշային կարգի Ա խմբում, որը նրա հիմնական քաշն է: Արդեն եկել ենք այդ քաշին: Մեծ քաշային տատանում չի ունեցել՝ չի գցել, չի բարձրացրել, որ իրեն անհարմար զգա այդ քաշում: 59 կգ քաշը նրա մոտ, այսպես ասած, արդեն նստվածք է տվել եւ հենց այս Խաղերից նրանից ակնկալելու ենք բարձր կիլոգրամներ:

Սիմոն Մարտիրոսյանը հոգեբանորեն պատրա՞ստ է:

Սիմոնի մոտ հոգեբանական վիճակը բարելավված է, ամեն ինչ արդեն անցել է, նա վերականգնվել է: Սիմոն Մարտիրոսյանը Տոկիոյի մրցագորգում ապացուցելու շատ բան ունի, որովհետեւ չունի օլիմպիական ոսկե մեդալ: Սիմոնը պայքարի է դուրս գալու միայն ոսկե մեդալի համար: Հայկական ծանրամարտում պատմության նոր էջ պետք է գրվի. Սիմոն Մարտիրոսյանը պետք է դառնա օլիմպիական չեմպիոն: Սիմոնին ես եմ դուրս բերելու մրցահարթակ: Պատասխանատվությունը շատ մեծ է, ես պատրաստ եմ: Օլիմպիական ոսկե մեդալն անպայման լինելու է:

Տոկիո2020-ում Իզաբելլա Յայլյանը մրցահարթակ դուրս կգա հուլիսի 27-ին՝ Երեւանի ժամանակով 10:50-ին, 59 կգ քաշայինների A խմբում:

Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) մրցահարթակ դուրս կգա օգոատոսի 3-ին՝ Երեւանի ժամանակով 14:50-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ