21:31  ,  11 հուլիսի, 2021

Ջոկովիչ․ Ֆանտաստիկ մրցակցություն էր Ֆեդերերի եւ Նադալի հետ, բայց չեմ բավարարվի այսքանով

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է հաղթանակը իտալացի Մատեո Բերետինիի նկատմամբ Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչում։ Սերբ թենիսիստը 6-րդ տիտղոսը նվաճեց այս մրցաշարում եւ 20-րդը՝ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում՝ հավասարվելով շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին եւ իսպանացի Ռաֆայել Նադալին։

«Բարդ հանդիպում էր, Բերետինին ցուցադրեց լավ խաղ։ Շնորհավորում եմ նրան ֆանտաստիկ մրցաշարի կապակցությամբ։

Կար ժամանակ, երբ ես 7 տարեկան տղա էի Սերբիայում եւ պատահած ամեն ինչնց պատրաստում էի «Ուիմբլդոնի» գավաթ, իսկ հիմա ես դարձյալ կանգնած եմ այստեղ։ Սա անհավանական է։

Ես հավասարվեցի՞ Ֆեդերերին եւ Նադալին։ Առաջին հերթին՝ ես չեմ պատրաստվում բավարարվել այսքանով։ Նրանք մեր մարզաձեւի լեգենդներ են, երկու կարեւորագույն մրցակիցներ։ Նրանց շնորհիվ էի դառնում ավելի ուժեղ ֆիզիկապես, հոգեբանորեն, տակտիկապես եւ բարոյապես։ Ֆանտաստիկ մրցակցություն էր, բայց ես չեմ բավարարվի տիտղոսների այս քանակով։

Անկասկած ես կփորձեմ դարձյալ հաղթել ԱՄՆ-ի բաց առաջնությունում։ Ես գերազանց մարզավիճակում եմ։ Շնորհակալ եմ իմ թիմին, ընտանիքին եւ երկրպագուներին»,- ասել է Ջոկովիչը կորտում գավաթը ստանալուց հետո։

34-ամյա թենիսիստը երրորդ անգամ անընդմեջ հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում։ Անցած տարի այն չէր անցկացվել կորոնավիրուսի համավարակի հետեւանքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով