22:33  ,  28 հունիսի, 2021

Եվրո-2020․ Իսպանիան լրացուցիչ ժամանակում հաղթեց խորվաթներին՝ 5։3 (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի հավաքականը դուրս եկավ Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչ՝ լրացուցիչ ժամանակում հաղթելով աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականին՝ 5։3։ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի ունեցած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 3։3։

Հաշիվը բացվեց 20-րդ րոպեին «Բարսելոնայի» 18-ամյա կիսապաշտպան Պեդրիի ինքնագոլի պատճառով։ Գրեթե խաղադաշտի կենտրոնից կատարած նրա հետ փոխանցումից հետո Բիլբաոյի «Աթլետիկը» ներկայացնող դարպասապահ Ունաի Սիմոնը չհասցրեց գնդակի հետեւից։

38-րդ րոպեին Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը կարողացավ վերականգնել հավասարությունը։ Աչքի ընկավ ֆրանսիական ՊՍԺ-ի 29-ամյա կիսապաշտպան Պաբլո Սարաբիան։

Իսպանացիներին 57-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» 31-ամյա պաշտպան Սեսար Ասպիլիկուետան։

20 րոպե անց Իսպանիայի առավելությունը մեծացրեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 21-ամյա հարձակվող Ֆերան Տորեսը։

85-րդ րոպեին Խորվաթիայի հավաքականը Զագրեբի «Դինամոյի» 28-ամյա հարձակվող Միսլավ Օրշիչի գոլի շնորհիվ կրճատեց տարբերությունը։ Ավելացված երրորդ րոպեին Զլատկո Դալիչի գլխավորած թիմի երրորդ գոլը խփեց «Ատալանտայի» 26-ամյա կիսապաշտպան Մարիո Պաշալիչը, որին գոլային փոխանցումը կատարեց Օրշիչը։

Նշանակվեց լրացուցիչ ժամանակ։ 100-րդ րոպեին իսպանացիների չորրորդ գոլը խփեց Թուրինի «Յուվենտուսի» 28-ամյա հարձակվող Ալվարո Մորատան։ 103-րդ րոպեին հաշիվը 5։3 դարձրեց «Ռեալ Սոսիեդադի» 24-ամյա կիսապաշտպան Միկել Օյարսաբալը։

Իսպանիան քառորդ եզրափակիչում կհանդիպի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի դիմակայության հաղթողի հետ։

Եվրո-2020, 1/8 եզրափակիչ

Խորվաթիա - Իսպանիա՝ 3։5 (հիմնական ժամանակ՝ 3։3), (տեսանյութ), (Կոպենհագեն)

Պեդրի, 20, ինքնագոլ, Միսլավ Օրշիչ, 85, Մարիո Պաշալիչ, 90+3 - Պաբլո Սարաբիա, 38, Սեսար Ասպիլիկուետա, 57, Ֆերան Տորես, 76, Ալվարո Մորատա, 100, Միկել Օյարսաբալ, 103

Ֆրանսիա - Շվեյցարիա՝ 23։00 (Երեւանի ժամանակ), (Բուխարեստ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ