13:35  ,  14 հունիսի, 2021

Փաշիկ Ալավերդյան. Հայաստանը երկու ծանրորդ կունենա Տոկիո-2020-ում

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանը կմասնակցի երկու ծանրորդով` Սիմոն Մարտիրոսյան (109 կգ) և Իզաբելա Յայլյան (59 կգ)։ Ծանրորդների ուղեգրերը հաստատվել են: Ծանրամարտի Հայաստանի թիմին եւս մեկ քվոտա տրամադրվելու առաջարկը մերժվել է: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

«Միջազգային ֆեդերացիայի նախագության՝ հունիսի 12-ին տեղի ունեցած ժողովում հաստատվեց երկրներին տրամադրվող ուղեգրերի քանակը: Հայաստանը Տոկիոյի Օլիմպիական խաղերում կունենա երկու մասնակից՝ Սիմոն Մարտիրոսյան եւ Իզաբելա Յայլյան: Հույս ունեինք, որ մեր քվոտաների քանակը կավելանա, բայց մերժվեց եւ վերջնական հաստատվեց երկու տեղով: Մենք ունեինք 3-4 տեղ, բայց ասացին՝ իրավունք չկա, վերջացավ: Այժմ Սիմոն Մարտիրոսյանը հավաքականի հետ հավաքի է մասնակցում Աբովյանի մարզաբազայում: Հավաքները կշարունակվեն մինչեւ Օլիմպիական խաղեր»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Ավելի վաղ հավաքականի գլխավոր մարզիչը հայտնել էր, որ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին Տոկիոյում մրցահարթակ դուրս կբերի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը, Փաշիկ Ալավերդյանը կլինի մրցավարական կազմում: Սիմոն Մարտիրոսյանն ու Իզաբելա Յայլյանը Հայաստանի 12-րդ եւ 13-րդ օլիմպիականներն են Տոկիո-2020-ում:

Մինչև այս Հայաստանն ուներ 11 ուղեգիր, չորսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Արմեն Մելիքյան, 60 կգ, Կարեն Ասլանյան, 67 կգ, Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), երկուսը՝ ազատ ոճի ըմբշամարտում (Արսեն Հարությունյան, 57 կգ, Վազգեն Թևանյան, 65 կգ), երկուսը բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան 52 կգ, Արման Դարչինյան 75 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան), եռացատկում (Լեւոն Աղասյան) եւ հրաձգությունում (Էլմիրա Կարապետյան): Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ