12:09  ,  27 մայիսի, 2021

36 հարված, 36 բաց թողած գոլ. Դե Խեայի վիճակագրությունը 11 մետրանոցներից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան իսպանական «Վիլյառեալի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում շարունակեց 11 մետրանոցների անհաջող շարքը:

Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում «Վիլյառեալի» ֆուտբոլիստներն իրացրին 11 հարված՝ բոլորն ավարտելով գոլով:

Opta-ի համաձայն՝ վերջին 5 տարում Դե Խեայի պաշտպանած դարպասին 36 անգամ է նշանակվել 11 մետրանոց հարված, և նրան չի հաջողվել հետ մղել որևէ հարված: Իսպանացի դարպասապահը նախորդ անգամ 11 մետրանոց հետ մղել է 2016 թվականի ապրիլի 23-ին տեղի ունեցած «Էվերտոնի» դեմ խաղում:

Հիշեցնենք, որ Լեհաստանի Գդանսկ քաղաքում անցկացված հանդիպման հիմնական ժամանակում գրանցվեց 1։1 հաշիվը, և հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոցներով: «Վիլյառեալն» առաջին անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը: Իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին կարիերայում չորրորդ անգամ հաղթեց այդ մրցաշարում:

Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում