18:02  ,  20 մայիսի, 2021

Կարեն Գիլոյանն ամփոփել է պաշտոնավարման 5 ամիսները

Փաշիկ Ալավերդյանը հրավեր է ստացել, որպես մրցավար սպասարկել Տոկիոյի Օլիմպիական խաղերը։ Բանակցություններ ենք տանում Տոկիոյում ծանրամարտի մրցաշարում տղամարդկանց պայքարում եւս մեկ ուղեգիր ստանալ։ Եթե հաջողվի, կմասնակցի Գոռ Մինասյանը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, որն ամփոփել է պաշտոնավարման 5 ամիսները։

«Ձգտում ենք անել  հնարավորը, որպեսզի Հայաստանը լավ հավաքականով եւ պատշաճ մակարդակով մասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին։ Այդ ուղղությամբ նաեւ փորձում ենք օգնել մարզաձեւերի ներկայացուցիչներին օլիմպիական ուղեգրեր նվաճել։ Նախորդ օրերին Հայաստանի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը չկարողացավ լրացնել օլիմպիական նորմատիվը։ Հատուկ նրա համար մայիսի 23-ին կանցկացնենք եւս մեկ մրցաշար, որը թույլ կտա Լեւոնին Հայաստանում լրացնել իր նորմատիվը։

Նաեւ բանակցություններ ենք տանում ծանրամարտի հավաքականում եւս մեկ քվոտա ստանալու համար։ Այս պահին ունենք երկու մասնակցի իրավունք՝ 1 տղամարդ, 1 կին։

Ի դեպ, միջազգային ֆեդերացիան խնդրանքով դիմել է Փաշիկ Ալավերդյանին՝ սպասարկել Տոկիոյի Օլիմպիական խաղերը։ Ալավերդյանը շատ լուրջ մասնագետ է, քննարկել  ենք, եւ նա կտա իր դրական պատասխանը։ Մայիսի 28-ին պարզ կլինի, թե ինչ վերնջանական տեսքով կներկայանանք ծանրամարտի օլիմպիական մրցաշարում»,– նշեց փոխնախարարը։

Կարեն Գիլոյանը ներկայացրեց նաեւ 5 ամիսների ընթացքում հայկական սպորտի բարեփոխումները։

«Հայաստանը դուրս է մնացել համաշխարհային սպորտի քարտեզից։ Բացառությամբ մի քանի մարզաձեւերի, մյուսներում մեր երկրի տեղը չգիտեն։ Արդեն սկսել ենք հայկական սպորտը զարգացնելու, մասսայականացնելու մեծ ծրագիր։

Կառավարությունը 40 մլն դրամ է հատկացրել սպորտային դեղորայքների եւ չարգելված հավելումներ ձեռք բերելուն, որոնք կբաշխվեն 15 ֆեդերացիաների միջեւ։ Հասկանալի պատճառներով կան ֆեդերացիաներ, որոնք պատկառելի գումար են ստացել, օրինակ՝ ծանրամարտին՝ 15 մլն դրամ, ըմբշամարտին 9 մլն դրամ։

Մի քանի օր հետո տեղի կունենա սպորտային բժշկության կենտրոնի բացումը։ Բոլոր հավաքականների ներկայացուցիչներն այդ կենտրոնում ստանալու են անվճար խորհրդատվություն եւ բուժում։ Կենտրոնը համալրվում է ժամանակակից տեխնիկայով։ Մի քանի մարզիկ արդեն հետազոտություն են անցել։ Կենտրոնում կլինի ֆիզիոթերապիա, բուժման այլ մեթոդներ, իսկ եթե վիրահատական միջամտությունների կարիք կունենան մեր մեր մազիկները, կենտրոնը կտրամադրի ուղեգրեր, որոնց շնորհիվ մարզիկներն անվճար վիրահատություն կանցնեն մեր երկրի տարբեր բուժհաստատություններում։

Կառավարության որոշմամբ մարզիկների անվանական թոշակներն այլեւս չեն հարկվելու։  Մարզիչները կստանան սոցփաթեթներ։ ՀՀ նախագահի կողմից քաղաքացիություն շնորհված մարզիկները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից։ Կվերականգնվի սպորտային վաշտը»,– ասաց Կարեն Գիլոյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում