21:10  ,  15 մայիսի, 2021

Զիդանը չի բացառել, որ կհեռանա «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Արքայական ակումբում իր ապագայի մասին: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ֆրանսիացի 48-ամյա մասնագետն ամռանը որոշել է հեռանալ «Ռեալից», եթե նույնիսկ թիմը նվաճի Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը:

«Իմ պատասխանը կլինի ձանձրալի: Մնացել է 2 հանդիպում, և ես չգիտեմ, թե ինչ կլինի դրանից հետո: Սա «Ռեալն» է, այնպես որ, կարող է ամեն բան տեղի ունենալ:

Մարդիկ մտածում են, որ ես կհեռանամ, քանի որ չեմ ցանկանում պատասխանատվություն կրել ծանր իրավիճակում: Դա ճիշտ չէ: Բոլոր ուժերս եմ ներդնում այն ամենում, ինչով զբաղվում եմ: Երբեմն գալիս է մի ժամանակ, երբ փոփոխությունները լավագույն տարբերակն են բոլորի համար: Երբեմն քեզ պետք է մնալ, երբեմն՝ հեռանալ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Զիդանը երկրորդ անգամ «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնել է 2019 թվականին։ Դրանից առաջ նա իսպանական թիմը գլխավորել էր 2016-2018-ին։ Նրա ղեկավարությամբ «Ռեալը» դարձել է Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր ու Իսպանիայի կրկնակի չեմպիոն։

Իսպանիայի ընթացիկ առաջնության 36-րդ տուրից հետո «Ռեալը» 78 միավորով երկրորդ տեղում է և 2 միավոր է հետ առաջատար Մադրիդի «Աթլետիկոյից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում