10:33  ,  19 ապրիլի, 2021

Հակոբ Սերոբյան. Մեդալների կռիվ ենք տալու

Եվրոպայի առաջնությունում ե՛ւ մեդալների կռիվ ենք տալու, ե՛ւ կփորձարկենք Արթուր Դավթյանի ցատկը Օլիմպիական խաղերի համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Ապրիլի 21-25-ը Շվեյցարիայի Բազել քաղաքում կանցկացվի սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է 5 մարմնամարզիկով՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արմեն Պետրոսյան, Արթուր Ավետիսյան եւ Գագիկ Խաչիկյան: Հայաստանի թիմն արդեն մրցավայրում է: Հակոբ Սերոբյանը Էլֆիկ Նազարյանի հետ լինելու է մրցավարական կազմում: Թիմը Բազելում կգլխավորի մարզիչ Հայկ Նազարյանը:

Պարոն Սերոբյան, ինչպե՞ս եք ընտրել ԵԱ-ի կազմը:

Կազմն ընտրվել է Հայաստանի առաջնության արդյունքներով: Արթուր Դավթյանն իր հիմնական գործիքը կանի՝ հենացատկ: Կմասնակցի նաեւ նժույգի վարժությունում: Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը՝ օղակներ, Արմեն Պետրոսյանն ու Գագիկ Խաչիկյանը՝ բազմամարտ:

Չեմ կարող ասել, թե թիմը լավագույն մարզավիճակում է: Օղակների վարժությունում խնդիր ունենք. Ավետիսյանի ու Դավթյանի ուսերի վնասվածքները ծանրաբեռնված մարզումների պատճառով նորից գլուխ են բարձրացրել: Վարժությունները կատարելիս ցավեր ունեն: Բոլորն էլ գիտեն, որ հայ մարմնամարզիկները օղակների վարժությունում մեդալների հավակնորդներ են: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես իրենց կզգան տղաները:

Որքանո՞վ է նպատակահարմար Արթուր Դավթյանի մասնակցությունը ԵԱ-ին Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլում:

Արթուր Դավթյանի մասնակցությունը շատ կարեւոր է այս փուլում: Մեզ նրա ցատկն է պետք, կարեւոր է տեսնել՝ ինչպես է կատարում. փորձարկում ենք: Այն, ինչ անելու է Օլիմպիական խաղերում, արդեն գրեթե ստացվում է, բայց դեռ ավելացնելու եւ բարդացնելու տեղ ունենք:

Եվրոպայի առաջնությունում կկատարի Եվրոպական խաղերի ցատկը, բայց տեղերով փոխել ենք՝ երկրորդ ցատկը առաջինը կանի եւ հակառակը: Թբիլիսիի հավաքը մեզ օգնեց, որ բարդացնենք ցատկերը: Արթուրն իրեն շատ լավ է զգում, լավ մարզավիճակում է: Մեդալի կռիվ կտա, միանշանակ:

Այսինքն՝ Եվրոպայի առաջնությունում կկատարի այն ցատկը, որով հանդես է գալու Օլիմպիական խաղերու՞մ:

Ոչ: Այստեղ Եվրոպական խաղերի ցատկն է՝ փոփոխված: Եթե այս ցատկը լիարժեք լավ կատարի, գուցե Տոկիոյում հենց սա էլ անի: Բայց դեռ պետք է աշխատենք ցատկի վրա, դեռ պետք է ավելացնենք: Այդ առումով Եվրոպայի առաջնության մասնակցությունը մեզ համար շատ կարեւոր էր ու անհրաժեշտ, որպեսզի հասկանանք՝ որ ուղղությունով պետք է շարունակենք մեր աշխատանքն Օլիմպիական խաղերի համար:

Գագիկ Խաչիկյանից ի՞նչ սպասելիքներ ունեք:

Սա Գագիկի առաջին փորձն է մեծահասակների Եվրոպայի առաջնությունում: Նա նույնպես իրեն շատ լավ է զգում, մարզումներին արել է իր լավագույնը. ինքս հետեւել եմ: Գագիկը կմասնակցի բազմամարտում: Գագիկից էլ մեդալի ակնկալիք կա: Նրա ուժեղ գործիքը նժույգն է եւ, լավ մասնակցելու դեպքում, մեդալային պայքարում կարող է լինել:

Եւս մեկ օլիմպիական ուղեգրի ի՞նչ հնարավորություն կա:

Օլիմպիական ուղեգրի հնարավորություն գրեթե չունենք: Հետաքրքիր պայքար է սպասվում օլիմպիական ուղեգրերի համար: Երկու ուղեգիր է խաղարկվելու՝ բազմամարտում: Ըստ օրենքի՝ ուղեգրերը նվաճելու են առաջին, երկրորդ տեղերը զբաղեցնողները, բայց եթե նրանք ունեն ուղեգրեր կամ աշխարհի առաջնությունում թիմային պայքարում նվաճել են ուղեգիր ու եղել են այդ թիմի կազմում, ուղեգիրը բաժին է հասնում նրանց հաջորդող մարմնամարզիկին: Գուցե մեր տղաներից մեկը զբաղեցնի 18-րդ տեղը, ու նրանից առաջ 17-ն արդեն ունենա, նա կնվաճի ուղեգիր:

Եթե Արմեն Պետրոսյանն ու Գագիկ Խաչիկյանը Արթուր Դավթյանի պես բազմամարտիկներ լինեին, ուղեգիր նվաճելու հույսերը մեծ կլինեին: Դավթյանի մասնակցությունը բազմամարտում մեզ ոչինչ չէր տա, եթե նույնիսկ հաղթող ճանաչվեր, քանի որ արդեն ունի անվանական ուղեգիր:

Այս Եվրոպայի առաջնությունն ամենահետաքրքիրներից է լինելու: Նախորդ Եվրոպային մոտ 20 ուժեղ թիմ չմասնակցեց: Բոլորը պատրաստվել են այս մրցմանը: Կարծում եմ՝ բոլոր երկրներն էլ լավագույն մարզավիճակում են ներկայանալու:

Բոլոր վարժություններում պայքարելու ենք մեդալների համար, բայց չենք կարող ոչինչ կանխատեսել: Միայն խեղճանում ենք օղակներում: Արթուր Ավետիսյանի վիրահատած ուսը լիարժեք չվերականգնվեց: Վահագն Դավթյանի ուսն էլ խնդիր է տվել: Արթուր Թովմասյանն, օրինակ, չհասցրեց վերականգնվել, այդ պատճառով բաց է թողնում Եվրոպայի առաջնությունը:

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանն օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Շտուտգարտում անցկացված աշխարհի առաջնությունում։ Նա սպորտային մարմնամարզությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի 32-րդ Օլիմպիական խաղերում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս