22:51  ,  29 մարտի, 2021

Լիբանանի «Ալ Ռիյադիի» հաղթանակով Երեւանում ավարտվեց Եվրասիական լիգան (ֆոտո)

Երեւանում անցկացած բասկետբոլի Եվրասիական լիգայի երրորդ մրցաշրջանն ավարտվեց Լիբանանի բազմակի չեմպիոն «Ալ Ռիյադիի» հաղթանակով:

Եզրափակիչում Հայաստանի «Վահագնի Սիթի» թիմը պարտվեց մեկ միավորի տարվերությամբ՝ 75:76։ Այս մասին նախկին «Միկա» մարզապալատից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

Առաջին քառորդը հայկական թիմը պասիվ սկսեց։ Մեկնարկային րոպեներին «Ալ Ռիյադին» հաջողությամբ բացեց հաշիվն ու խոշոր առավելությամբ շարունակեց հանդիպումը։ Մեկնարկային րոպեներին Լիբանանի թիմը կորուստ ունեցավ, 10 համարի խաղացողը վնասվածք ստացավ։ Թիմակիցները խաղընկերոջը ձեռքերի վրա դուրս բերեցին խաղադաշտից, բայց առաջատար խաղացողի կորստից թիմի առավելությունը չնվազեց։ Առաջին քառորդն ավարտվեց 25։14 հյուրերի առավելությամբ։

Երկրորդ քառորդում «Վահագնի Սիթին» ավելի ակտիվ խաղ ցուցադրեց, բայց չկարողացավ հաշվի մեջ մոտենալ մրցակցին։ Երկրորդ քառորդից հետո թիմերը գնացին հանգստի 44։37 հաշվով՝ հյուրերի առավելությամբ։ Երրորդ քառորդում հայկական թիմն իսկական «քամբեք» իրականացրեց եւ գերլարված խաղում քառորդի ավարտից երեք րոպե առաջ մեկ միավորի առավելությամբ առաջ անցավ հաշվի մեջ։ Երկրպագուների ուրախությունը, սակայն, կարճ տեւեց։ «Ալ Ռիյադին» նախ հավասարվեցի տան տերերին, ապա կրկին առաջ անցավ՝ երրորդ քառորդն էլ ավարտելով առավելությամբ (56։57)։ Վերջին քառորդը գերլարված ստացվեց երկու թիմերի համար էլ։ Չորրորդ քառորդի ամբողջ ընթացքում երկու թիմերն էլ միմյանց հետապնդում էին մեկ միավորով։ «Ալ Ռիյադիի» մարզիչը պարբերաբար բողոքում էր խաղադաշտի մրցավարների որոշումներից։ Մինչեւ վերջին վայրկյանները Հայաստանի թիմը հաղթում էր 75:73 հաշվով, բայց մրցակցի 3 միավորանոց նետումը զրկեց «Վահագնի Սիթիին» հաղթանակից։

Եվրասիական լիգային մասնակցեցին 5 թիմեր Հայաստանից, Ռուսաստանից ու Լիբանանից: Հայաստանից մասնակցեց նաեւ «Դվինը» թիմը, որը զբաղեցրեց երրորդ տեղը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English