21:38  ,  11 մարտի, 2021

Ալբերտ Ազարյանն ու Արթուր Ալեքսանյանը ՀՖԿՍՊԻ լավագույն ուսանողներին հանձնեցին կրթաթոշակներ (ֆոտո)

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի լավագույն ուսանողներն անվանական կրթաթոշակներ ստացան օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանի եւ Արթուր Ալեքսանյանի կողմից:

ՀՖԿՍՊԻ նախաձեռնությամբ ուսանող մարզիկները, որոնք ունեն բացարձակ առաջադիմություն եւ մարզական արդյունք, ամեն տարի միանվագ կրթաթոշակի են ներկայացվում: 2020-2021թթ. ուսումնական տարվա կրթաթոշակների ցանկն, այս անգամ մի փոքր փոփոխված է: Ռեկտոր Դավիթ Խիթարյանի առաջարկով այսուհետեւ կգործեն Ալբերտ Ազարյանի, Արթուր Ալեքսանյանի, Արմեն Նազարյանի, Արթուր Աբրահամի, Մարտին Բերբերյանի անվան կրթաթոշակներ:

ՀՖԿՍՊԻ 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մարտի 11-ին տեղի ունեցավ նոր կարգով անցկացվող կրթաթոշակների հանձնման արարողությունը, որին ներկա էին օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանը, Արթուր Ալեքսանյանը, Արմեն Նազարյանի եւ Արթուր Աբրահամի եղբայրները, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, բուհի ուսանողները, որոնք նաեւ գործող մարզիկներ են:

«Անվանական կրթաթոշակներ տրամադրելու նպատակը ուսանող մարզիկների մարզական կարիերային զզուգահեռ գիտելիք ստանալու ձգտումը խրախուսելն է: Անվանական կրթաթոշակ ստանալու չափորոշիչներից առաջնայինը բացարձակ առաջիմությունն է, ուսանողական-գիտական կոնֆերանսների մասնակցությունն ու մարզական բարձր արդյունքները: Կարծում եմ, ժամանակն է կոտրել կարծրատիպը, թե ինստիտուտը պատրաստում է լավագույն մարզիկների: Մենք չենք պատրաստում լավագույն մարզիկների, այլ լավագույն մասնագետների, որոնք հետագայում կպատրաստեն լավագույն մարզիկների: Այս ուսումնական տարվա անվանական կրթաթոշակները հանձնեցինք ըստ մարզաձեւերի։ Բուհը բաց է բոլոր այն ֆեդերացիաների համար, որոնք ցանկանում են իրենց ավանդը ունենալ մասնագիտական կրթության որակի բարձրացման հարցում»,-  ասաց Դավիթ Խիթարյանը:

Անվանի մարզիկների անուններով անվանական կրթաթոշակների արժանացավ 10 ուսանող․

Ալբերտ Ազարյանի անվան կրթաթոշակ՝ մարմնամարզիկ Արթուր Ավետիսյան,

Արմեն Նազարյանի անվան կրթաթոշակ՝ ըմբիշ Շանթ Խաչատրյան,

Արթուր Ալեքսանյանի անվան կրթաթոշակ՝ ըմբիշ Արմեն Մելիքյան,

Ստեփան Սարգսյանի անվան կրթաթոշակ՝ ըմբիշ Վազգեն Թեւանյան,

Մարտին Բերբերյանի անվան կրթաթոշակ՝ ըմբիշ Արման Անդրեասյան,

Յուրի Բաբայանի անվան կրթաթոշակ՝ ըմբիշ Արսեն Հարությունյան,

Արթուր Աբրահամի անվան կրթաթոշակ՝ բռնցքամարտիկ Մյասնիկ Մուրադյան,

Ալբերտ Աբրահամյանի անվան կրթաթոշակ՝ ֆուտբոլիստ Դավիթ Այվազյան,

Թելման Քոչարյանի անվան կրթաթոշակ՝ ձյուդոիստ Մերուժան Սարգսյան,

Լեւոն Հայրապետյանի անվան կրթաթոշակ՝ սամբիստ Վարսիկ Գրիգորյան:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում