17:46  ,  22 հունվարի, 2021

Կարեն Ասմարյանը՝ լողափնյա վոլեյբոլի «օլիմպիական» նպատակների, ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնության եւ Երեւանում ակադեմիա հիմնելու մասին (ֆոտո)

Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար պայքարից դուրս ենք: Ժամանակի առումով չենք հասցնի, բայց ունենք բոլոր հնարավորությունները՝ Փարիզ-2024-ի Օլիմպիական խաղերում լողափնյա վոլեյբոլի մրցաշարում թիմ ունենալ: Իսկ մինչ այդ Հայաստանում կզարգացնենք ոչ միայն լողափնյա, այլեւ ձյան վոլեյբոլը, կունենանք մեր սեփական ակադեմիան, որտեղ բոլոր թիմերը կմարզվեն անվճար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:

Հայաստանում վոլեյբոլը դանդաղ է զարգանում: Վերջին տարիներին ֆեդերացիայի նախաձեռնությամբ լողափնյա եւ ձյան վոլեյբոլի միջազգային մի շարք մրցաշարեր անցկացվեցին, բայց, որպես այսպիսին, խոշոր մրցաշարերում հայ վոլեյբոլիստները մեծ հաջողություններ դեռեւս չունեն: Նախորդ մեդալային նվաճումը եղել է ձյան վոլեյբոլի Եվրոտուրում, որտեղ Հայաստանի թիմը զբաղեցրել է երրորդ տեղը: Նրցաշարն անցկացվել էր Ծաղկաձորում, որտեղ հունվարի 22-24-ը տեղի կունենա նաեւ ձյան վոլեյբոլի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի առաջնությունները:  

Պարոն Ասմարյան, քանի՞ թիմ է մասնակցում առաջնությանը եւ ի՞նչ հեռանկարներ ունի ձյան վոլեյբոլը Հայաստանում:

Ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունն անցկացնում ենք արդեն 5-րդ անգամ սկսած՝ 2015 թվականից: Նախորդ տարի էլ Հայաստանում կազմակերպեցինք եւ անցկացրինք ձյան վոլեյբոլի Եվրոտուր, որն ամենամեծ մրցաշարն էր մեր թիմերի համար: 12 երկրներից թիմեր էին եկել Հայաստան եւ բարձր մակարդակով անցկացրինք մրցաշարը:

Այս տարվա Հայաստանի առաջնությանը մասնակցում է տղամարդկանց 12, կանանց 10 թիմեր՝ Երեւանից, Գյումրիից, Գավառից, Ապարանից:

Ձյան վոլեյբոլը հետաքրքիր, դիտարժան, նոր մարզաձեւ է: Լողափնյա վոլեյբոլից տարբերբում է խաղացողների թվով, տեխնիկական հնարքներով:  Թիմերը բաղկացած են չորս հոգուց, որոնցից 3-ը խաղում են, մեկը փոխարինում է: Միավորները 15-ից է, լողափնյայում՝ 21-ից: Նաեւ բարդությամբ է տարբերվում լողափնյայից. ավելի բարդ է, ցուրտ է, խանգարող հանգամանքներ կան, բայց պետք է նշեմ, որ հայ վոլեյբոլիստները շատ լավ են խաղում, նրանց մոտ հաջողություններ կան ի տարբերություն դասական վոլեյբոլի:

Հայաստանի առաջնության չեմպիոն թիմերը հնարավորություն կստանան մասնակցելու միջազգային մրցաշարերին: Նախատեսված են Եվրոտուրեր, բայց դեռ հստակեցված չեն անցկացման վայրերն ու ժամկետները: Պանդեմիայով պայմանավորված ոչ մի երկիր դեռ չի համարձակվում Եվրոտուր վերցնել: Ի դեպ, Հայաստանի առաջնությունը վարկանիշային է լինելու: Թիմերը վարկանիշ են հավաքելու հետագայում Եվրոտուրերին մասնակցելու իրավունք ստանալու համար:

Ձյան վոլեյբոլը նոր զարգացող ձեւ է: Ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվա՞ծ է արդեն:

Արդեն անցկացվում են պաշտոնական մրցաշարեր, մեկ անգամ անցկացվել է Եվրոպայի առաջնություն, կան նաեւ աշխարհի ու Եվրոտուրեր: Փհենչհան-2018-ի ձմեռային Օլիմպիական խաղերում ձյան վոլեյբոլի ցուցադրական խաղ անցկացվեց, որը մեծ արձագանքների արժանացավ: Միջազգային ֆեդերացիան ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկելու հայտ է ներկայացրել: Կարծում եմ՝ հաջորդ Խաղերում կլինի: Քանի որ մարզաձեւն արդեն սիրված է, Հայաստանի ֆեդերացիան առաջարկել է, որ ձմեռային Համահայկական խաղերի ծրագրում եւս ընգրկվի:

Տղամարդկանց եւ կանանց լավ թիմեր ունենք: 2020-ին Ծաղկաձորում անցկացված Եվրոտուրում Հայաստանի կանանց թիմը նվաճեց բրոնզե մեդալ: Սա մեր առաջին լուրջ հաղթանակն է ձյան վոլեյբոլում: Մեծ ներուժ եմ տեսնում մեր թիմերում, կարող ենք լավ հաջողություններ ու հաղթանակներ ունենալ, եթե լավ աշխատանք անենք, մարզվելու պայմաններ ու դաշտ ունենանք: Երեխաներ ունենք, որ ավելի հաջողում են ձյան վրա, քան լողափնյայում: Պարզապես պետք է ֆինանսավորումը մի քիչ շատանա: Ֆեդերացիաների բյուջեները ոչ թե պետք է կրճատեն, այլ ավելացնեն: Մեր բյուջեն 14 միլիոն դրամ է, որի մեջ մտնում են երեք ոճերը՝ դասական, լողափնյա եւ ձյան, բայց այս տարի Կառավարության կրճատել է ֆինանսավորումը:

Ծաղկաձորում որտե՞ղ է անցկացվում Հայաստանի առաջնությունը: Ինչպե՞ս եք ապահովում թիմերի մարզումները մրցաշարերից առաջ ձյան բացակայության պայմաններում:

Ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը տեղի է ունենալու Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրի հարեւանությամբ գործող մարզադաշտում: Ծաղկաձորում այս տարի առատ ձյուն է եւ բոլոր պայմանները կան Հայաստանի առաջնությունն անցկացնելու համար: Սովորաբար հենց այնտեղ էլ անում ենք մեր ձմեռային մրցաշարերը, քանի որ ձյան հետ կապված խնդիր չենք ունենում: Եթե լինում է խնդիր, մեքենաներով սարերից փորձում ենք բերել: Տարվա մյուս եղանակներին թիմերը մարզվում են մարզադաշտերում, բաց դաշտերում:

Դասական եւ լողափնյա վոլեյբոլում ի՞նչ զարգացում ունենք: Ի՞նչ ծրագրեր կան մրցաշրջան-2021-ում: Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հավակնություններն ինչպիսի՞ն են այս ոճերում:

Դասական ոճից դեռ շատ հեռու ենք: Ժամանակից այնքան հետ ենք մնացել, որ շատ դժվար է դասական ոճում հավասարվենք որեւէ մի նորմալ, վարկանիշ ունեցող երկրի: Քանի որ մեծահասակներում հաջողություններ չունենք, ավելի շատ փորձում ենք պատանեկան թիմերով զարգացնել դասականը: Խաղում ենք Եվրոպայի առաջնության 1-ին, 2-րդ փուլեր: Ի դեպ, այս տարի նոյեմբերին Երեւանում անցկացնելու ենք Եվրոպայի առաջնության 15 տարեկանների  1-ին փուլի մրցաշար:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի լողափնյա վոլեյբոլի ուղեգրի  նվաճելու հավանականություն չունենք: Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի թիմերն ունեն հնարավորություններ, բայց ժամանակի առումով Տոկիոն չենք հասցնի:

2020 թվականի օգոստոսին Հայաստանում պետք է տեղի ունենար լողափնյա վոլեյբոլի կանանց օլիմպիական վարկանիշային մրցաշար: Կորոնավիրուսի համավարակի պատճառով  հետաձգեցինք մեկ տարով: 18 տարեկան տղաների հետ մեծ հույսեր ունեինք, բայց ինչ-ինչ պատճառներով մեր հույսերը չարդարացան: 22 տարեկան տղաներ ունենք, որոնք շատ լավն են են, մրցունակ: Մեզ նաեւ բանակն է խանգարում: Շատ լավ տղաներ ունենք, բայց զինակոչիկներ են: Ներուժ ունենք, լավ թիմեր ունենք հատկապես տղամարդկանց պայքարում: Կարող ենք հավակնել օլիմպիական ուղեգրի լողափնյա վոլեյբոլում, բայց Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար չենք հասցնի վարկանիշային միավորներ հավաքել: Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելը լողափնյա վոլեյբոլում շատ բարդ է՝ պետք է 3000 միավոր ամենաքիչն ունենանք, որ հավակնենք ուղեգրի: Իսկ մինչեւ Տոկիո պրակտիկորեն անհնար է այդքան մրցաշարի մասնակցել եւ վարկանիշային միավորներ հավաքել: Մենք պայքարը կսկսենք հաջորդ օլիմպիական ցիկլից:

Մեր մարզաձեւում պայմանների, դաշտի, մարզումների խնդիր կա: Չունենք մարզադաշտ, որտեղ թիմերը կարողանան առանց գումար, առանց վարձակալության մարզվել: Բոլորը մարզվում են «Գրանդ Սպորտում»՝ վճարովի: Ֆեդերացիայի նախաձեռնությամբ 2021 թվականին նախատեսում ենք վոյելբոլի ակադեմիա կառուցել Երեւանի մերձակայքում, որտեղ թիմերը կմարզվեն անվճար: Ակադեմիայի շինարարությունը պետք է սկսեինք 2020-ին, բայց կրկին կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց: Կունենանք մեր ակադեմիան, բոլոր պայմանները կստեղծենք, որ թիմերը լիարժեք մարզվեն:

Լուսինե Շահբազյան   

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ