17:46 22 հունվարի, 2021Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար պայքարից դուրս ենք: Ժամանակի առումով չենք հասցնի, բայց ունենք բոլոր հնարավորությունները՝ Փարիզ-2024-ի Օլիմպիական խաղերում լողափնյա վոլեյբոլի մրցաշարում թիմ ունենալ: Իսկ մինչ այդ Հայաստանում կզարգացնենք ոչ միայն լողափնյա, այլեւ ձյան վոլեյբոլը, կունենանք մեր սեփական ակադեմիան, որտեղ բոլոր թիմերը կմարզվեն անվճար:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:
Հայաստանում վոլեյբոլը դանդաղ է զարգանում: Վերջին տարիներին ֆեդերացիայի նախաձեռնությամբ լողափնյա եւ ձյան վոլեյբոլի միջազգային մի շարք մրցաշարեր անցկացվեցին, բայց, որպես այսպիսին, խոշոր մրցաշարերում հայ վոլեյբոլիստները մեծ հաջողություններ դեռեւս չունեն: Նախորդ մեդալային նվաճումը եղել է ձյան վոլեյբոլի Եվրոտուրում, որտեղ Հայաստանի թիմը զբաղեցրել է երրորդ տեղը: Նրցաշարն անցկացվել էր Ծաղկաձորում, որտեղ հունվարի 22-24-ը տեղի կունենա նաեւ ձյան վոլեյբոլի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի առաջնությունները:

Պարոն Ասմարյան, քանի՞ թիմ է մասնակցում առաջնությանը եւ ի՞նչ հեռանկարներ ունի ձյան վոլեյբոլը Հայաստանում:
Ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունն անցկացնում ենք արդեն 5-րդ անգամ սկսած՝ 2015 թվականից: Նախորդ տարի էլ Հայաստանում կազմակերպեցինք եւ անցկացրինք ձյան վոլեյբոլի Եվրոտուր, որն ամենամեծ մրցաշարն էր մեր թիմերի համար: 12 երկրներից թիմեր էին եկել Հայաստան եւ բարձր մակարդակով անցկացրինք մրցաշարը:
Այս տարվա Հայաստանի առաջնությանը մասնակցում է տղամարդկանց 12, կանանց 10 թիմեր՝ Երեւանից, Գյումրիից, Գավառից, Ապարանից:
Ձյան վոլեյբոլը հետաքրքիր, դիտարժան, նոր մարզաձեւ է: Լողափնյա վոլեյբոլից տարբերբում է խաղացողների թվով, տեխնիկական հնարքներով: Թիմերը բաղկացած են չորս հոգուց, որոնցից 3-ը խաղում են, մեկը փոխարինում է: Միավորները 15-ից է, լողափնյայում՝ 21-ից: Նաեւ բարդությամբ է տարբերվում լողափնյայից. ավելի բարդ է, ցուրտ է, խանգարող հանգամանքներ կան, բայց պետք է նշեմ, որ հայ վոլեյբոլիստները շատ լավ են խաղում, նրանց մոտ հաջողություններ կան ի տարբերություն դասական վոլեյբոլի:
Հայաստանի առաջնության չեմպիոն թիմերը հնարավորություն կստանան մասնակցելու միջազգային մրցաշարերին: Նախատեսված են Եվրոտուրեր, բայց դեռ հստակեցված չեն անցկացման վայրերն ու ժամկետները: Պանդեմիայով պայմանավորված ոչ մի երկիր դեռ չի համարձակվում Եվրոտուր վերցնել: Ի դեպ, Հայաստանի առաջնությունը վարկանիշային է լինելու: Թիմերը վարկանիշ են հավաքելու հետագայում Եվրոտուրերին մասնակցելու իրավունք ստանալու համար:
Ձյան վոլեյբոլը նոր զարգացող ձեւ է: Ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվա՞ծ է արդեն:
Արդեն անցկացվում են պաշտոնական մրցաշարեր, մեկ անգամ անցկացվել է Եվրոպայի առաջնություն, կան նաեւ աշխարհի ու Եվրոտուրեր: Փհենչհան-2018-ի ձմեռային Օլիմպիական խաղերում ձյան վոլեյբոլի ցուցադրական խաղ անցկացվեց, որը մեծ արձագանքների արժանացավ: Միջազգային ֆեդերացիան ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկելու հայտ է ներկայացրել: Կարծում եմ՝ հաջորդ Խաղերում կլինի: Քանի որ մարզաձեւն արդեն սիրված է, Հայաստանի ֆեդերացիան առաջարկել է, որ ձմեռային Համահայկական խաղերի ծրագրում եւս ընգրկվի:
Տղամարդկանց եւ կանանց լավ թիմեր ունենք: 2020-ին Ծաղկաձորում անցկացված Եվրոտուրում Հայաստանի կանանց թիմը նվաճեց բրոնզե մեդալ: Սա մեր առաջին լուրջ հաղթանակն է ձյան վոլեյբոլում: Մեծ ներուժ եմ տեսնում մեր թիմերում, կարող ենք լավ հաջողություններ ու հաղթանակներ ունենալ, եթե լավ աշխատանք անենք, մարզվելու պայմաններ ու դաշտ ունենանք: Երեխաներ ունենք, որ ավելի հաջողում են ձյան վրա, քան լողափնյայում: Պարզապես պետք է ֆինանսավորումը մի քիչ շատանա: Ֆեդերացիաների բյուջեները ոչ թե պետք է կրճատեն, այլ ավելացնեն: Մեր բյուջեն 14 միլիոն դրամ է, որի մեջ մտնում են երեք ոճերը՝ դասական, լողափնյա եւ ձյան, բայց այս տարի Կառավարության կրճատել է ֆինանսավորումը:

Ծաղկաձորում որտե՞ղ է անցկացվում Հայաստանի առաջնությունը: Ինչպե՞ս եք ապահովում թիմերի մարզումները մրցաշարերից առաջ ձյան բացակայության պայմաններում:
Ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը տեղի է ունենալու Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրի հարեւանությամբ գործող մարզադաշտում: Ծաղկաձորում այս տարի առատ ձյուն է եւ բոլոր պայմանները կան Հայաստանի առաջնությունն անցկացնելու համար: Սովորաբար հենց այնտեղ էլ անում ենք մեր ձմեռային մրցաշարերը, քանի որ ձյան հետ կապված խնդիր չենք ունենում: Եթե լինում է խնդիր, մեքենաներով սարերից փորձում ենք բերել: Տարվա մյուս եղանակներին թիմերը մարզվում են մարզադաշտերում, բաց դաշտերում:
Դասական եւ լողափնյա վոլեյբոլում ի՞նչ զարգացում ունենք: Ի՞նչ ծրագրեր կան մրցաշրջան-2021-ում: Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հավակնություններն ինչպիսի՞ն են այս ոճերում:
Դասական ոճից դեռ շատ հեռու ենք: Ժամանակից այնքան հետ ենք մնացել, որ շատ դժվար է դասական ոճում հավասարվենք որեւէ մի նորմալ, վարկանիշ ունեցող երկրի: Քանի որ մեծահասակներում հաջողություններ չունենք, ավելի շատ փորձում ենք պատանեկան թիմերով զարգացնել դասականը: Խաղում ենք Եվրոպայի առաջնության 1-ին, 2-րդ փուլեր: Ի դեպ, այս տարի նոյեմբերին Երեւանում անցկացնելու ենք Եվրոպայի առաջնության 15 տարեկանների 1-ին փուլի մրցաշար:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի լողափնյա վոլեյբոլի ուղեգրի նվաճելու հավանականություն չունենք: Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի թիմերն ունեն հնարավորություններ, բայց ժամանակի առումով Տոկիոն չենք հասցնի:

2020 թվականի օգոստոսին Հայաստանում պետք է տեղի ունենար լողափնյա վոլեյբոլի կանանց օլիմպիական վարկանիշային մրցաշար: Կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգեցինք մեկ տարով: 18 տարեկան տղաների հետ մեծ հույսեր ունեինք, բայց ինչ-ինչ պատճառներով մեր հույսերը չարդարացան: 22 տարեկան տղաներ ունենք, որոնք շատ լավն են են, մրցունակ: Մեզ նաեւ բանակն է խանգարում: Շատ լավ տղաներ ունենք, բայց զինակոչիկներ են: Ներուժ ունենք, լավ թիմեր ունենք հատկապես տղամարդկանց պայքարում: Կարող ենք հավակնել օլիմպիական ուղեգրի լողափնյա վոլեյբոլում, բայց Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար չենք հասցնի վարկանիշային միավորներ հավաքել: Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելը լողափնյա վոլեյբոլում շատ բարդ է՝ պետք է 3000 միավոր ամենաքիչն ունենանք, որ հավակնենք ուղեգրի: Իսկ մինչեւ Տոկիո պրակտիկորեն անհնար է այդքան մրցաշարի մասնակցել եւ վարկանիշային միավորներ հավաքել: Մենք պայքարը կսկսենք հաջորդ օլիմպիական ցիկլից:
Մեր մարզաձեւում պայմանների, դաշտի, մարզումների խնդիր կա: Չունենք մարզադաշտ, որտեղ թիմերը կարողանան առանց գումար, առանց վարձակալության մարզվել: Բոլորը մարզվում են «Գրանդ Սպորտում»՝ վճարովի: Ֆեդերացիայի նախաձեռնությամբ 2021 թվականին նախատեսում ենք վոյելբոլի ակադեմիա կառուցել Երեւանի մերձակայքում, որտեղ թիմերը կմարզվեն անվճար: Ակադեմիայի շինարարությունը պետք է սկսեինք 2020-ին, բայց կրկին կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց: Կունենանք մեր ակադեմիան, բոլոր պայմանները կստեղծենք, որ թիմերը լիարժեք մարզվեն:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.