12:24  ,  27 դեկտեմբերի, 2020

Արմեն Նազարյանը, Լեւոն Արոնյանը, Հենրիխ Մխիթարյանը՝ ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորներ (ֆոտո)

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, գրոսմայստեր, Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխահի գավաթակիր Լեւոն Արոյանը եւ կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն,  հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը պարգեւատրվել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչումներով:

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստը:

Նախքան նիստի մեկնարկը ՀՖԿՍՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհեց Արմեն Նազարյանին, որն այս օրերին Հայաստանում է:

Ռեկտորի խոսքով, ինստիտուտի անունը միջազգային մրցահարթակներում բարձր պահող շրջանավարտներին պատվավոր պրոֆեսորի կոչումներ տալու առաջարկն իրենն է, որն ընդունել եւ հաստատել է գիտխորհուրդը:

«Ինստիտուտի 75-ամյակի կապակցությամբ իմ առաջարկությամբ եւ գիտխորհրդի որոշմամբ մեր լավագույն շրջանավարտներ Հենրիխ Մխիթարյանին, Լեւոն Արոնյանին եւ Արմեն Նազարյանին շնորհվում են պատվավոր պրոֆեսորի կոչումներ: Համավարակի, ապա նաեւ պատերազմի պատճառով հնարավորություն չեղավ մեծ միջոցառում անել 75-ամյակի կապակցությամբ եւ այդ միջոցառման ընթացքում մեծարել մեր լավագույն շրջանավարտներին: Այսօր պատվավոր պրոֆեսորի կոչումը կշնորհենք Արմեն Նազարյանին, հետագայում Լեւոն Արոնյանին եւ Հենրիխ Մխիթարյանին կփոխանցենք»,- ասաց Դավիթ Խիթարյանը:

Արմեն Նազարյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է լինել ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր:

 «Իմ շնորհակալությունն եմ հայտնում ռեկտորին։ Կշարունակեմ իմ պրոֆեսիոնալ մարզական կյանքի փորձը փոխանցել եկող սերունդներին, իմ փորձով ուրախացնել մեր հայրենիքին: Շնորհավորում եմ մյուս պատվավոր պրոֆեսորներին՝ Հենրիխ Մխիթարյանին եւ Լեւոն Արոնյանին»,- նշեց Արմեն Նազարյանը:

Հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստի ընթացքում մեծարվեցին նաեւ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության մեդալակիրներն ու երկու հավաքականների մարզիչները:

Դավիթ Խիթարյանը հայտնեց, որ ինստիտուտի 75-ամյակի կապացությամբ Հայաստանի Ագրարային համալսարանի ուսանողները պատրաստել են գինիներ, որոնք նվիրեցին ըմբիշներին:

Մարզիկների մեծարումից եւ պարգեւատրումից հետո մեկնարկեց ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստը, որի ընթացքում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատ Դավիթ Խիթարյանը ներկայացրեց իր տարեվերջյան հաշվետվությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին տեղի է ունենալու ՀՖԿՍՊԻ ռեկտորի ընտրությունները:

2019 թվականի սեպտեմբերի 2-ին Դավիթ Խիթարյանը ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում միաձայն ընտրվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակար: Ժամանակավոր պաշտոնավարման ժամկետը լրացել է:

2021 թվականի հունվարի 11-ին տեղի է ունենալու նոր ընտրություն արդեն 5 տարի ժամկետով: Ավարտվել է թեկնածուների առաջադրման ժամկետը: Ռեկտորի պաշտոնի համար մրցելու են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը, ՀՖԿՍՊԻ պրոռեկտոր, դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը եւ Հայ-ռուսական համալսարանի Ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ Արմեն Գրիգորյան:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում