09:18  ,  27 դեկտեմբերի, 2020

Արմեն Նազարյան. Խոնարհումս եւ շնորհակալությունս հերոսներին՝ կյանքի գնով մեր հայրենի հողը պաշտպանելու համար

Արցախյան պատերազմն իր մեծ հետքը թողեց բոլորիս վրա: Դրսում ապրող հայերիս համար մեծ ցավ էր, տեսնել եւ լսել, թե ինչ է կատարվում Արցախի հողում: Խոնարհումս եւ շնորհակալությունս նահատակներին, ռազմի դաշտում կռված, վիրավորված, պատերազմին մասնակից յուրաքանչյուր հային՝ կյանքի գնով մեր հայրենի հողը պաշտպանելու համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց կրկնակի օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը, որն այս օրերին գտնվում է Հայաստանում:

Պարոն Նազարյան, ինչ այցո՞վ եք Հայաստանում:

 Հայաստանում գտնվելուս օրերին պետք է այցելեմ Եռաբլուր, իմ հարգանքի տուրքը մատուցեմ մեր հերոսներին: Անպայման ցանկանում էի դահլիճից հետեւել Հայաստանի առաջնությանը, Դեկտեմբերի 27-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում ռեկտոր Դավիթ Խիթարյանի կողմից կպարգեւատրվեմ պատվավոր պրոֆեսորի կոչումով: Յուրաքանչյուր պետական պարգեւ ինձ համար մեծ արժեք ունի:

Հետեւեցիք հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը: Ինչպե՞ս կգնահատեք:  

Կորոնավիրուսից եւ կարանտինի պատճառով երկարատեւ դադարից հետո հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը շատ հետաքրքիր եւ թեժ պայքարով անցավ: Հայ ըմբիշները կարողացել են այս ընթացքում պահպանել իրենց մարզավիճակը: Իհարկե, նկատվում է, որ մի փոքր հետ են ընկել, բայց ովքեր կարողացան, գոտեմարտեցին:

Առջեւում Օլիմպիական խաղերն են եւ հասկանալի է, որ այս մարզավիճակով հնարավոր չէ պայքարել օլիմպիական ուղեգրերի համար, ապա Օլիմպիական խաղերում: Ըմբիշները շնչառության խնդիր ունեն, տեխնիկան պետք է զարգացվի: Նկատում եմ, որ տղաների հետ դեռ շատ աշխատանք կա կատարելու: Բնական է, որ Օլիմպիական խաղերի համար մարզիկները շատ ուժեղ մարզավիճակում պետք է լինեն:

Ինձ ուրախացնում է, որ Հայաստանի առաջնությունն անցնում է հանդիսատեսով, դահլիճը լիքն է, մարդկանց հետաքրքրում է, սիրում են, գալիս են հետեւում են եւ երկրպագում է, ինչն ամենակարեւորն է գորգում պայքարող ըմբիշի համար:

Ի՞նչ բացեր կընդգծեք հայ ըմբիշների գոտեմարտերում:

Մեր ձեւը՝ հունահռոմեականը, պետք է հագեցած լինի գեղեցիկ հնարքներով: Հայաստանի առաջնության եզրափակիչներում, ցավոք, չտեսա գեղեցիկ հնարքներ: Կարծում եմ՝ հավաքականի մարզիչները կլուծեն այդ հարցը, կլրացնեն այդ բացը հավաքների, մարզումների եւ միջազգային մրցաշարերի ընթացքում: Այս բացերը նշում եմ՝ հասկանալով, որ մեկ տարի բացակայել ենք մրցագորգից, լիարժեք մարզումներ չենք ունեցել եւ նորմալ է: Նրանց մեղավորությունը չէ:

Բելգրադում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճեցինք մեկ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալներ: Հետեւե՞լ եք Հայաստանի թիմի մրցելույթներին:

Հետեւեցի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում Հայաստանի թիմի մասնակցությանը: Երիտասարդ լավ ըմբիշներ ունենք, որոնք աճում են, եւ դա ուրախացնում է: Հայաստանի թիմը մեդալներ նվաճեց, ինչը նշանակում է՝ արդյունքները գոհացնող են: Որպես ստուգատես, նորմալ մասնակցություն ունեցավ Հայաստանի թիմը: Ովքեր կարողացան, պայքարեցին մինչեւ վերջ: Տեսանք նաեւ, որ մեր ուժեղագույնները պարտվեցին մրցավարական կողմնապահության պատճառով:

Արթուր Ալեքսանյանի մեկնարկային գոտեմարտում կա՞ր մրցավարական միջամտություն:

Արթուր Ալեքսանյանի գոտեմարտում կար մրցավարական միջամտություն: Կարծում եմ՝ Արթուր Ալեքսանյանն ինքն այդպես ուզեց, որ լինի, քանի որ Մուսա Եվլոեւի հետ նրանք ուշ թե շուտ կհանդիպեն Օլիմպիական խաղերում: Ինչ-որ տեղ Արթուրը ճիշտ է,  բայց նաեւ չկարողացավ զսպել նյարդերը:

Ձեր թիմն ի՞նչ մասնակցություն եւ արդյունքներ ունեցավ: Ինչո՞ւ աշխարհի գավաթին չմասնակցեց Ձեր որդին, Եվրոպայի չեմպիոն Էդմոնդ Նազարյանը:

Բուլղարիայի հավաքականը մասնակցեց ոչ առաջին համարներով: Վերջին մեկ շաբաթում ամբողջ թիմը վարակվեց կորոնավիրուսով: Մասնակցեցինք երկրորդ համարներով: Երկու եզրափակիչի մասնակից ունեցանք, որոնք պարտվեցին: Սա նշանակում է՝ թիմը լավ մարզավիճակում չէր: Տղաս՝ Էդմոնդը բացակայում էր վնասվածքի պատճառով: Մարզումների ընթացքում նա կոտրել էր կողոսկրը:

Կորոնավիրուսը վնասեց բոլորիս, այս պատճառով աշխարհի գավաթի մասնակիցների մեծ մասը զգացվում էր, որ լավ մարզավիճակում չեն: Այդ նույնը զգացվում էր նաեւ Հայաստանի թիմի մասնակիցների մեջ: Ամեն դեպքում հուսանք՝ 2021 թվականն այսպիսի անակնկալներով չի լինի:

Պատերազմից հետո հայ ըմբիշներն առաջին անգամ դուրս եկան մրցագորգ: Ըստ Ձեզ, պատերազմն ազդե՞ց մեր ըմբիշների արդյունքների վրա:

Բոլորիս վրա Արցախյան պատերազմն իր ազդեցությունն ունեցավ: Պատերազմը մեծ ցավ էր ամբողջ հայ ազգի համար: Ինձ համար նույնպես Արցախյան պատերազմի օրերն ամենածանրն էին: Գտվելով հեռվում՝ շատ էի անհանգստանում Արցախում տեղի ունեցող իրադարձությունների համար: Հոգեբանորեն այս պատերազմը շատ ազդեց բոլորիս վրա: Դա նաեւ զգացվեց Հայաստանի թիմի վրա, տղաների հոգեվիճակի վրա:

Ցավում եմ պատերազմում նահատակված յուրաքանչյուր զինվորի համար: Ապրելով դրսում՝ ես միշտ պահում եմ կապս Հայաստանի հետ, պարբերաբար գալիս եմ: Սա իմ հայրենիքն է եւ Հայաստանում, Արցախում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն ուղիղ կերպով վերաբերում է նաեւ ինձ:

Խոնարհումս եւ շնորհակալությունս եմ ուզում հայտնել Արցախյան պատերազմում զոհվածների հարազատներին, ընտանիքներին, իրենց որդիների գնով մեր հայրենի հողը պաշտպանելու համար: Շնորհակալություն պատերազմում կռված, վիրավորված, մասնակցած բոլոր զինվորներին ու կամավորներին իրենց պայքարի համար: Խաղաղություն մեր երկրին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով