09:18 27 դեկտեմբերի, 2020Արցախյան պատերազմն իր մեծ հետքը թողեց բոլորիս վրա: Դրսում ապրող հայերիս համար մեծ ցավ էր, տեսնել եւ լսել, թե ինչ է կատարվում Արցախի հողում: Խոնարհումս եւ շնորհակալությունս նահատակներին, ռազմի դաշտում կռված, վիրավորված, պատերազմին մասնակից յուրաքանչյուր հային՝ կյանքի գնով մեր հայրենի հողը պաշտպանելու համար:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց կրկնակի օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը, որն այս օրերին գտնվում է Հայաստանում:
Պարոն Նազարյան, ինչ այցո՞վ եք Հայաստանում:
Հայաստանում գտնվելուս օրերին պետք է այցելեմ Եռաբլուր, իմ հարգանքի տուրքը մատուցեմ մեր հերոսներին: Անպայման ցանկանում էի դահլիճից հետեւել Հայաստանի առաջնությանը, Դեկտեմբերի 27-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում ռեկտոր Դավիթ Խիթարյանի կողմից կպարգեւատրվեմ պատվավոր պրոֆեսորի կոչումով: Յուրաքանչյուր պետական պարգեւ ինձ համար մեծ արժեք ունի:
Հետեւեցիք հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը: Ինչպե՞ս կգնահատեք:
Կորոնավիրուսից եւ կարանտինի պատճառով երկարատեւ դադարից հետո հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը շատ հետաքրքիր եւ թեժ պայքարով անցավ: Հայ ըմբիշները կարողացել են այս ընթացքում պահպանել իրենց մարզավիճակը: Իհարկե, նկատվում է, որ մի փոքր հետ են ընկել, բայց ովքեր կարողացան, գոտեմարտեցին:
Առջեւում Օլիմպիական խաղերն են եւ հասկանալի է, որ այս մարզավիճակով հնարավոր չէ պայքարել օլիմպիական ուղեգրերի համար, ապա Օլիմպիական խաղերում: Ըմբիշները շնչառության խնդիր ունեն, տեխնիկան պետք է զարգացվի: Նկատում եմ, որ տղաների հետ դեռ շատ աշխատանք կա կատարելու: Բնական է, որ Օլիմպիական խաղերի համար մարզիկները շատ ուժեղ մարզավիճակում պետք է լինեն:
Ինձ ուրախացնում է, որ Հայաստանի առաջնությունն անցնում է հանդիսատեսով, դահլիճը լիքն է, մարդկանց հետաքրքրում է, սիրում են, գալիս են հետեւում են եւ երկրպագում է, ինչն ամենակարեւորն է գորգում պայքարող ըմբիշի համար:
Ի՞նչ բացեր կընդգծեք հայ ըմբիշների գոտեմարտերում:
Մեր ձեւը՝ հունահռոմեականը, պետք է հագեցած լինի գեղեցիկ հնարքներով: Հայաստանի առաջնության եզրափակիչներում, ցավոք, չտեսա գեղեցիկ հնարքներ: Կարծում եմ՝ հավաքականի մարզիչները կլուծեն այդ հարցը, կլրացնեն այդ բացը հավաքների, մարզումների եւ միջազգային մրցաշարերի ընթացքում: Այս բացերը նշում եմ՝ հասկանալով, որ մեկ տարի բացակայել ենք մրցագորգից, լիարժեք մարզումներ չենք ունեցել եւ նորմալ է: Նրանց մեղավորությունը չէ:
Բելգրադում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճեցինք մեկ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալներ: Հետեւե՞լ եք Հայաստանի թիմի մրցելույթներին:
Հետեւեցի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում Հայաստանի թիմի մասնակցությանը: Երիտասարդ լավ ըմբիշներ ունենք, որոնք աճում են, եւ դա ուրախացնում է: Հայաստանի թիմը մեդալներ նվաճեց, ինչը նշանակում է՝ արդյունքները գոհացնող են: Որպես ստուգատես, նորմալ մասնակցություն ունեցավ Հայաստանի թիմը: Ովքեր կարողացան, պայքարեցին մինչեւ վերջ: Տեսանք նաեւ, որ մեր ուժեղագույնները պարտվեցին մրցավարական կողմնապահության պատճառով:
Արթուր Ալեքսանյանի մեկնարկային գոտեմարտում կա՞ր մրցավարական միջամտություն:
Արթուր Ալեքսանյանի գոտեմարտում կար մրցավարական միջամտություն: Կարծում եմ՝ Արթուր Ալեքսանյանն ինքն այդպես ուզեց, որ լինի, քանի որ Մուսա Եվլոեւի հետ նրանք ուշ թե շուտ կհանդիպեն Օլիմպիական խաղերում: Ինչ-որ տեղ Արթուրը ճիշտ է, բայց նաեւ չկարողացավ զսպել նյարդերը:
Ձեր թիմն ի՞նչ մասնակցություն եւ արդյունքներ ունեցավ: Ինչո՞ւ աշխարհի գավաթին չմասնակցեց Ձեր որդին, Եվրոպայի չեմպիոն Էդմոնդ Նազարյանը:
Բուլղարիայի հավաքականը մասնակցեց ոչ առաջին համարներով: Վերջին մեկ շաբաթում ամբողջ թիմը վարակվեց կորոնավիրուսով: Մասնակցեցինք երկրորդ համարներով: Երկու եզրափակիչի մասնակից ունեցանք, որոնք պարտվեցին: Սա նշանակում է՝ թիմը լավ մարզավիճակում չէր: Տղաս՝ Էդմոնդը բացակայում էր վնասվածքի պատճառով: Մարզումների ընթացքում նա կոտրել էր կողոսկրը:
Կորոնավիրուսը վնասեց բոլորիս, այս պատճառով աշխարհի գավաթի մասնակիցների մեծ մասը զգացվում էր, որ լավ մարզավիճակում չեն: Այդ նույնը զգացվում էր նաեւ Հայաստանի թիմի մասնակիցների մեջ: Ամեն դեպքում հուսանք՝ 2021 թվականն այսպիսի անակնկալներով չի լինի:
Պատերազմից հետո հայ ըմբիշներն առաջին անգամ դուրս եկան մրցագորգ: Ըստ Ձեզ, պատերազմն ազդե՞ց մեր ըմբիշների արդյունքների վրա:
Բոլորիս վրա Արցախյան պատերազմն իր ազդեցությունն ունեցավ: Պատերազմը մեծ ցավ էր ամբողջ հայ ազգի համար: Ինձ համար նույնպես Արցախյան պատերազմի օրերն ամենածանրն էին: Գտվելով հեռվում՝ շատ էի անհանգստանում Արցախում տեղի ունեցող իրադարձությունների համար: Հոգեբանորեն այս պատերազմը շատ ազդեց բոլորիս վրա: Դա նաեւ զգացվեց Հայաստանի թիմի վրա, տղաների հոգեվիճակի վրա:
Ցավում եմ պատերազմում նահատակված յուրաքանչյուր զինվորի համար: Ապրելով դրսում՝ ես միշտ պահում եմ կապս Հայաստանի հետ, պարբերաբար գալիս եմ: Սա իմ հայրենիքն է եւ Հայաստանում, Արցախում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն ուղիղ կերպով վերաբերում է նաեւ ինձ:
Խոնարհումս եւ շնորհակալությունս եմ ուզում հայտնել Արցախյան պատերազմում զոհվածների հարազատներին, ընտանիքներին, իրենց որդիների գնով մեր հայրենի հողը պաշտպանելու համար: Շնորհակալություն պատերազմում կռված, վիրավորված, մասնակցած բոլոր զինվորներին ու կամավորներին իրենց պայքարի համար: Խաղաղություն մեր երկրին:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.