18:45  ,  23 դեկտեմբերի, 2020

Կարեն Տոնականյանն առաջին մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում

Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը դեկտեմբերի 24-ին Մոսկվայի «Կռիլյա սովետով» արենայում կանցկացնի պրոֆեսիոնալ բռնցքամարտի իր առաջին մենամարտը, հայտնում է Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայ մարզիկի մրցակիցը փոխվել է: Նախապես պլանավորված էր, որ Տոնականյանը պետք է մենամարտի Թայլանդը ներկայացնող Կռայ Սեթապոնի հետ, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով Սեթափոնը հայտնել էր , որ չի կարողանա հասնել Մոսկվա և մրցաշարի կազմակերպիչ «Գրանդ բոքսինգի» ներկայացուցիչները Տոնականյանի համար գտել են այլ մրցակից: Իր առաջին պրոֆեսիոնալ մենամարտում Տոնականյանը կմրցի բելառուս Անդրեյ Իսաևի հետ, որը ժամանակին եղել է WBF և IBF վարկածներով ինտերկոնտինենտալ գոտու չեմպիոն, նաև WBO վարկածով Ասիայի չեմպիոն:

Տոնականյանի և Իսաևի մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ 21:00-ին: Նախքան Մոսկվա մեկնելը Տոնականյանը Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ ուսումնամարզական հավաք է անցկացրել Վլադիկավկազում, որտեղ մարզվել է պրոֆեսիոնալ ռինգում հայտնի մարզիչ Վիտալի Սլանովի ղեկավարությամբ, որը նաև WBA և IBF վարկածներով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Մուրադ Գասիևի մարզիչն է:

Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը վաղը Մոսկվայի «Կռիլյա սովետով» արենայում կանցկացնի պրոֆեսիոնալ...

Posted by Բռնցքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիա on Wednesday, December 23, 2020

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում