09:11  ,  17 դեկտեմբերի, 2020

Սամվել Գեւորգյան. Այս պայմաններում եւ հոգեվիճակում տղաների մասնակցությունը գոհացնող է

Սամվել Գեւորգյան. Այս պայմաններում եւ հոգեվիճակում տղաների մասնակցությունը գոհացնող է

Հավաքականի մարզիչն ամփոփել է աշխարհի գավաթը....

Պատերազմն ազդեց բոլորիս վրա: Այս հոգեվիճակում դժվար էր պատրաստվել ու մասնակցել աշխարհի գավաթին: Տղաների մասնակցությունն ու արդյունքները գոհացնող են:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գեւորգյանը:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում դեկտեմբերի 12-ից ընթացող աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում ելույթներն ավարտեցին հունահռոմեական ոճի ըմբիշները: 9 մասնակցով աշխարհի գավաթին ներկայացած Հայաստանի հավաքականը ելույթներն ավարտեց 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալով: Արծաթե մեդալ նվաճեց 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը, բրոնզե մեդալ՝ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Թիմը վերադարձել է Հայաստան:

Պարոն Գեւորգյան, ամփոփեք աշխարհի անհատական գավաթը:

Երկու մեդալով ավարտեցինք աշխարհի գավաթը, բայց կարող էինք ավելին: Մի քանի մեդալ, ուղղակի, ձեռքից բաց թողեցինք: Այդպես՝ Մալխաս Ամոյանը լիարժեք ոսկե մեդալակիր էր, Դավիթ Օվասապյանը վերջին վայրկյաններին կորցրեց բրոնզը, Ալեքսանյանը, Ղարիբյանը,  Չալյանը բաց թողեցին իրենց մեդալները, բայց բոլորն էլ հնարավորություն ունեին:

Մալխաս Ամոյանը 1:1 հաշվով պարտվեց եզրափակիչում: Ի՞նչը նրան խանգարեց:

Ամոյանը փայլուն հանդես եկավ Բելգրադի մրցագորգում, շատ լավ, գրագետ գոտեմարտեր անցկացրեց: Նա կարող էր չեմպիոն դառնալ: Եզրափակիչում առավելություն ուներ մրցակցի նկատմամb, բայց չստացվեց: Երբ 1:1 հաշվով ես պարտվում, մի քիչ անարդար է:

Սլավիկ Գալստյանը քառորդ եզրափակիչում պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչին: Աշխարհի բրոնզե մեդալակրի հոգեբանությունում պատերազմի «հետքը» կա՞ր:

Սլավիկ Գալստյանը նույնպես չեմպիոնության էր պատրաստ, շատ լավ մարզավիճակում էր: Հրաշալի մեկնարկեց, բայց քառորդ եզրափակիչում մրցավարների «օգնությամբ» պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչին: Ի դեպ, ուզում եմ նշել, որ Սլավիկի մրցակիցն ազգությամբ ադրբեջանցի չէր: Իմ տեղեկություններով նա դաղստանցի էր, որը ներկայացնում էր Ադրբեջանը: Ճիշտ չի հնչում, երբ ասում են Սլավիկը պարտվեց ադրբեջանցուն: Եվ իրականում կար մրցավարական վիճարկելի հարցեր:

Ադրբեջանցիների կողմից սադրանքներ, միջադեպեր եղա՞ն:

Ոչ մի սադրանք չի եղել: Ադեկվատ են եղել բոլորն էլ: Որեւէ ավելորդություն չենք նկատել:

Մրցավարների միջամտությունը յուրահատուկ արձագանքի արժանացավ Արթուր Ալեքսանյանի կողմից, երբ Եվlոեւին պարտվելուց հետո ցուցադրաբար ծափահարեց մրցավարներին:

Արթուր Ալեքսանյան - Մուսա Եվլոեւ գոտեմարտում բացահայտ մրցավարական միջամտություն եղավ: Գորգի մրցավարները սկսել են խորամանկ քայլերի դիմել: Գաղտնիք չի, երբ գորգում հայ եւ ռուս մրցակիցներ են, առաջինը պարտեր նստեցնում են հայ ըմբիշին: Պարտերում պաշտպանվելիս Արթուրը աշխատանքային գոտուց դուրս եկավ եւ մրցավարը մեկ միավոր տվեց Եվլոեւին: Եթե Արթուրի փոխարեն մեկ ուրիշը լիներ, իմ կարծիքով, միավորը չէին տա: Մրցավարները երբեմն այնպիսի խորամանկությունների են գնում, որ հանդիսատեսն էլ չի հասկանում՝ ինչու եւ ինչպես: Եվլոեւը պատահական մրցակից չի, չմոռանանք, որ կրկնակի աշխարհի չեմպիոն է, բայց Արթուրին շատ բարդ է հաղթելը: Այս պարագայում մրցավարները նպաստեցին այդ հաղթանակին:

Մենք շատ ենք բարձրաձայնում մրցավարական միջամտությունների մասին, բայց չեմ ցանկանում շեշտը դնել նրանց վրա: Մեր խնդիրն է՝ ամեն գնով հաղթել նաեւ մրցավարներին, բայց կան դրվագներ, որոնք մեր հնարավորություններից վեր են: Օրինակ՝ կարծում եմ՝ բոլորն էլ տեսնում են, թե սերբ մրցակիցների հետ մեր գոտեմարտներն ինչպես են դատում: Չալյանի գոտեմարտը սերբ Նեմեշի հետ ամեն ինչ ասում է: Արդեն հոգնել ենք մրցավարների մասին խոսելուց. անօգուտ է:

Օլիմպիական չեմպիոնը հրաժարվեց հետագա պայքարից: Ավելի ուշ Դուք NEWS.am Sport-ին հայտնեցիք բարձր ջերմության ու կորոնավիրուսի կասկածների մասին...

Արթուրը վատառողջ էր դեռ աշխարհի գավաթ մեկնելիս: Քննարկվել է նաեւ առհասարակ աշխարհի գավաթին չմասնակցելու հարցը: Անընդհատ սպասում էինք, որ կանցնի, կառողջանա, բայց, երբ վիճակահանությունը եղավ եւ որակավորման փուլում Արթուրն ընկավ Եվլոեւի հետ, ինքը պնդեց, որ մասնակցի: Մրցման եւ հաջորդ օրը ջերմում էր:  Արդեն կորոնավիրուսով վարակված լինելու կասկածներ ունեինք. չնայած բացասական թեստով էինք ժամանանել մրցավայր: Այդ պատճառով բրոնզե մեդալի պայքարի համար մենք թույլ չտվեցինք գորգ դուրս գա: Այդ վիճակում պետք չէր: Վերադարձանք Երեւան, Արթուրը նորից թեստ հանձնեց: Ամեն ինչ նորմալ է, թեստը բացասական է: Նրա մոտ հարբուխ էր, որն ուղեկցվում էր ջերմությամբ:

Մեր իրավիճակում, հոգեվիճակում տղաների արդյունքներն ու աշխատանքը գոհացնող է: Պատերազմն իր հետքը թողեց տղաների վրա եւ դա զգացվեց նաեւ մրցավայրում: Կորոնավիրուսի պատճառով երկար ժամանակ չմարզվելը, պատերազմը, ամեն ինչ ազդեց, բայց չենք հանձնվում. դեռ շատ մեդալներ կնվաճենք, հաղթանակներ կպարգեւենք մեր ազգին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով