09:11 17 դեկտեմբերի, 2020Սամվել Գեւորգյան. Այս պայմաններում եւ հոգեվիճակում տղաների մասնակցությունը գոհացնող է
Հավաքականի մարզիչն ամփոփել է աշխարհի գավաթը....
Պատերազմն ազդեց բոլորիս վրա: Այս հոգեվիճակում դժվար էր պատրաստվել ու մասնակցել աշխարհի գավաթին: Տղաների մասնակցությունն ու արդյունքները գոհացնող են:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գեւորգյանը:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում դեկտեմբերի 12-ից ընթացող աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում ելույթներն ավարտեցին հունահռոմեական ոճի ըմբիշները: 9 մասնակցով աշխարհի գավաթին ներկայացած Հայաստանի հավաքականը ելույթներն ավարտեց 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալով: Արծաթե մեդալ նվաճեց 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը, բրոնզե մեդալ՝ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Թիմը վերադարձել է Հայաստան:
Պարոն Գեւորգյան, ամփոփեք աշխարհի անհատական գավաթը:
Երկու մեդալով ավարտեցինք աշխարհի գավաթը, բայց կարող էինք ավելին: Մի քանի մեդալ, ուղղակի, ձեռքից բաց թողեցինք: Այդպես՝ Մալխաս Ամոյանը լիարժեք ոսկե մեդալակիր էր, Դավիթ Օվասապյանը վերջին վայրկյաններին կորցրեց բրոնզը, Ալեքսանյանը, Ղարիբյանը, Չալյանը բաց թողեցին իրենց մեդալները, բայց բոլորն էլ հնարավորություն ունեին:
Մալխաս Ամոյանը 1:1 հաշվով պարտվեց եզրափակիչում: Ի՞նչը նրան խանգարեց:
Ամոյանը փայլուն հանդես եկավ Բելգրադի մրցագորգում, շատ լավ, գրագետ գոտեմարտեր անցկացրեց: Նա կարող էր չեմպիոն դառնալ: Եզրափակիչում առավելություն ուներ մրցակցի նկատմամb, բայց չստացվեց: Երբ 1:1 հաշվով ես պարտվում, մի քիչ անարդար է:
Սլավիկ Գալստյանը քառորդ եզրափակիչում պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչին: Աշխարհի բրոնզե մեդալակրի հոգեբանությունում պատերազմի «հետքը» կա՞ր:
Սլավիկ Գալստյանը նույնպես չեմպիոնության էր պատրաստ, շատ լավ մարզավիճակում էր: Հրաշալի մեկնարկեց, բայց քառորդ եզրափակիչում մրցավարների «օգնությամբ» պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչին: Ի դեպ, ուզում եմ նշել, որ Սլավիկի մրցակիցն ազգությամբ ադրբեջանցի չէր: Իմ տեղեկություններով նա դաղստանցի էր, որը ներկայացնում էր Ադրբեջանը: Ճիշտ չի հնչում, երբ ասում են Սլավիկը պարտվեց ադրբեջանցուն: Եվ իրականում կար մրցավարական վիճարկելի հարցեր:
Ադրբեջանցիների կողմից սադրանքներ, միջադեպեր եղա՞ն:
Ոչ մի սադրանք չի եղել: Ադեկվատ են եղել բոլորն էլ: Որեւէ ավելորդություն չենք նկատել:
Մրցավարների միջամտությունը յուրահատուկ արձագանքի արժանացավ Արթուր Ալեքսանյանի կողմից, երբ Եվlոեւին պարտվելուց հետո ցուցադրաբար ծափահարեց մրցավարներին:
Արթուր Ալեքսանյան - Մուսա Եվլոեւ գոտեմարտում բացահայտ մրցավարական միջամտություն եղավ: Գորգի մրցավարները սկսել են խորամանկ քայլերի դիմել: Գաղտնիք չի, երբ գորգում հայ եւ ռուս մրցակիցներ են, առաջինը պարտեր նստեցնում են հայ ըմբիշին: Պարտերում պաշտպանվելիս Արթուրը աշխատանքային գոտուց դուրս եկավ եւ մրցավարը մեկ միավոր տվեց Եվլոեւին: Եթե Արթուրի փոխարեն մեկ ուրիշը լիներ, իմ կարծիքով, միավորը չէին տա: Մրցավարները երբեմն այնպիսի խորամանկությունների են գնում, որ հանդիսատեսն էլ չի հասկանում՝ ինչու եւ ինչպես: Եվլոեւը պատահական մրցակից չի, չմոռանանք, որ կրկնակի աշխարհի չեմպիոն է, բայց Արթուրին շատ բարդ է հաղթելը: Այս պարագայում մրցավարները նպաստեցին այդ հաղթանակին:
Մենք շատ ենք բարձրաձայնում մրցավարական միջամտությունների մասին, բայց չեմ ցանկանում շեշտը դնել նրանց վրա: Մեր խնդիրն է՝ ամեն գնով հաղթել նաեւ մրցավարներին, բայց կան դրվագներ, որոնք մեր հնարավորություններից վեր են: Օրինակ՝ կարծում եմ՝ բոլորն էլ տեսնում են, թե սերբ մրցակիցների հետ մեր գոտեմարտներն ինչպես են դատում: Չալյանի գոտեմարտը սերբ Նեմեշի հետ ամեն ինչ ասում է: Արդեն հոգնել ենք մրցավարների մասին խոսելուց. անօգուտ է:
Օլիմպիական չեմպիոնը հրաժարվեց հետագա պայքարից: Ավելի ուշ Դուք NEWS.am Sport-ին հայտնեցիք բարձր ջերմության ու կորոնավիրուսի կասկածների մասին...
Արթուրը վատառողջ էր դեռ աշխարհի գավաթ մեկնելիս: Քննարկվել է նաեւ առհասարակ աշխարհի գավաթին չմասնակցելու հարցը: Անընդհատ սպասում էինք, որ կանցնի, կառողջանա, բայց, երբ վիճակահանությունը եղավ եւ որակավորման փուլում Արթուրն ընկավ Եվլոեւի հետ, ինքը պնդեց, որ մասնակցի: Մրցման եւ հաջորդ օրը ջերմում էր: Արդեն կորոնավիրուսով վարակված լինելու կասկածներ ունեինք. չնայած բացասական թեստով էինք ժամանանել մրցավայր: Այդ պատճառով բրոնզե մեդալի պայքարի համար մենք թույլ չտվեցինք գորգ դուրս գա: Այդ վիճակում պետք չէր: Վերադարձանք Երեւան, Արթուրը նորից թեստ հանձնեց: Ամեն ինչ նորմալ է, թեստը բացասական է: Նրա մոտ հարբուխ էր, որն ուղեկցվում էր ջերմությամբ:
Մեր իրավիճակում, հոգեվիճակում տղաների արդյունքներն ու աշխատանքը գոհացնող է: Պատերազմն իր հետքը թողեց տղաների վրա եւ դա զգացվեց նաեւ մրցավայրում: Կորոնավիրուսի պատճառով երկար ժամանակ չմարզվելը, պատերազմը, ամեն ինչ ազդեց, բայց չենք հանձնվում. դեռ շատ մեդալներ կնվաճենք, հաղթանակներ կպարգեւենք մեր ազգին:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.