15:33  ,  29 նոյեմբերի, 2020

Դավիթ Խիթարյան․ Հետաքրքիր կլինի Գագիկ Սարգսյանի հետ ՀՖԿՍՊԻ ռեկտորի պաշտոնի համար մրցակցելը

Պրոռեկտոր Գագիկ Սարգսյանի հետ նորմալ աշխատանքային հարաբերություններ ունեմ: Հետաքրքիր կլինի նրա հետ նույն պաշտոնի համար մրցակցելը: Այս մրցակցության արդյունքում նաեւ կհասկանամ եւ կգնահատեմ կոլեկտիվը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, օլիմպիական կարգի մրցավար, ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախկին փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:

2019 թվականի սեպտեմբերի 2-ին Դավիթ Խիթարյանը ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում միաձայն ընտրվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակար: Ժամանակավոր պաշտոնավարման ժամկետը լրացել է:

2021 թվականի հունվարի 11-ին տեղի է ունենալու նոր ընտրություն արդեն 5 տարի ժամկետով: Մեկնարկել է թեկնածուների առաջադրումները, որի վերջնաժամկետը դեկտեմբերի 25-ն է: Դեռեւս հայտնի է երկու թեկնածուի անուն՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյան եւ ՀՖԿՍՊԻ պրոռեկտոր, դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյան:

Պրոռեկտոր Գագիկ Սարգսյանն ինքնաառաջադրվել է, որի մասին հայտարարել է ֆեյսբուքայն էջում նոյեմբերի 27-ին:

Դավիթ Խիթարյանը կառաջադրվի ինստիտուտի կողմից: Ռեկտորի խոսքով, մի քանի թեկնածուների մասնակցությունը հետաքրքիր մրցակցություն կստեղծի:

«Ժամանակավոր պաշտոնավարման ժամկետն արդեն լրացել էր եւ պետք է նոր ընտրություններ անցկացնեինք, բայց պատերազմի պատճառով, հետաձգվեց: Նոր ընտրություններն արդեն հայտարարված են: Մինչեւ դեկտեմբերի 25-ը թեկնածուների առաջադրման ժամկետն է, ընտրությունները տեղի կունենան հունվարի 11-ին: Այս պահին թեկնածուների մեջ ենք ես, Գագիկ Սարգսյանը: Թե քանի առաջադրված այլ թեկնածուներ ունենք, տեղյակ չեմ: Նախորդ անգամ ինքնաառաջադրվել էի: Այս անգամ ինստիտուտի կողմից կառաջադրվեմ: Ես անպայման լինելու եմ թեկնածուների մեջ, քանի որ այս մեկ տարվա ընթածքում մեծ աշխատանք է տարվել, բազմաթիվ դժվարությունների միջով եմ անցել եւ դեռ շատ անելիքներ, ծրագրեր ունեմ իրականացնելու: Մեկ տարվա պաշտոնավարմանս ընթացքում հաջողվել է մի շարք բարեփոխումներ իրականացնել ինստիտուտում: Բարձրացել է ինստիտուտի վարկանիշը, որի արդյունքում դիմորդների քանակն այս տարի մոտեցել է 2007 թվականի շեմին: Այս տարիների ընթացքում այդքան դիմորդ չէինք ունեցել: Սա խոսում է վարկանիշի մասին:

Ինձ հաջողվեց ձեւավորել նոր համակարգ՝ ուսումնական պրոցեսում քննությունները գրավոր, փակ անցկացնել, որի արդյունքում առաջին կուրսում ուսանողների 50 տոկոսի գերազանցիկների նվազում եղավ: Սա խոսում է ոչ թե կրթության վատ որակի մասին, այլ օբյեկտիվության: Ամենակարեւոր փոփոխությունը մեր ինստիտուտում խոսքի ազատության իրավունքն է: Հենց այս իրավունքի արդյունքում էլ այսօր ինստիտուտի պրոռեկտորն ինքնաառաջադրվել է: Եղել է նաեւ ֆինանսական, տեխնիկական բարելավումներ, որոնց մասին տարեվերջյան հաշվետվությանս մեջ կներկայացնեմ:

Նորմալ եմ ընդունում Գագիկ Սարգսյանի ռեկտորի պաշտոնում թեկնածությունը դնելը: Եթե ուզում ենք երկրում ինչ-որ բան փոխել, պետք է այսպես լինի, մարդիկ հնարավորություն ունենան իրենց թեկնածությունն էլ դնել: Գագիկ Սարգսյանի հետ նորմալ աշխատանքային հարաբերություններ ունենք: Նրա հետ հետաքրքիր մրցակություն կլինի: Մի քանի թեկնածուների առկայությունը շատ կարեւոր է նաեւ կոլեկտիվը հասկանալու եւ գնահատելու համար: Այս մրցությունը ֆիլտր կլինի: Ռեկտորի պաշտոնը պատասխանատու է, քանի որ սերնդի կրթության հետ գործ ունես, բայց ինձ համար բարդ չի: Ուզում եմ վերընտրվել եւ իրականություն դարձնել իմ բոլոր զարգացման եւ առաջխաղացման ծրագրեր: Դրանց մի մասն անավարտ է մնացել, մի մասը մեծ դժվարություններով կարողացել եմ իրականացնել: Դեռ շատ անելիքներ կան»,- ասաց Դավիթ Խիթարյանը:

ՀՖԿՍՊԻ ռեկտորի պաշտոնը մինչեւ Դավիթ Խիթարյանի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվելը թափուր էր Վահրամ Առաքելյանի հրաժարականից հետո։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում