09:46  +04,  26 նոյեմբերի, 2020

Հաբեթնակ Կուրղինյան․ Գրեթե բոլոր քաշային կարգերում խնդիրներ ունենք

Ազատ ոճի ըմշամարտում գրեթե բոլոր քաշային կարգերում խնդիրներ ունենք: Կան մարզեր, որտեղ առհասարակ մեր ոճով չեն զբաղվում, խմբակներ չկան:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

Երեւանի «Գազպրոմ» սպորտային համալիրում նոյեմբերի 24-25-ը տեղի է ունեցել ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: 9 քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններ են դարձել՝ Արսեն Հարությունյանը (57 կգ), Ռազմիկ Պապիկյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Արման Ավագյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ),  Սերգեյ Սարգսյանը (92 կգ), Մարզպետ Գալստյանը (97 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ):

Պարոն Կուրղինյան, ամփոփեք Հայաստանի առաջնությունը:

Առաջնությանը մասնակցեց շուրջ 80 ըմբիշ Երեւանից, Գյումրիից, Ազատանից, Արտաշատից, Իջեւանից եւ Վանաձորից: Մինչեւ 74 կգ քաշային կարգը շատ մասնակիցներ ունեինք: Այս քաշից վերեւ մյուս քաշերում քիչ էին մասնակիցները: Արդյունքները գոհացնող են՝ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված դադարը, երկար ժամանակ լիարժեք մարզումներ, մրցումներ չունենալը: Վատ չէր:

Բացահայտումներ ունեցա՞նք:

Նոր բացահայտումներ որպես այդպիսին չունեցանք: Մեծ թվով երիտասարդներ էին մասնակցում առաջնությանը, ինչն ուրախացնող էր: Մեզ համար կարեւոր քաշային կարգերում հաղթեցին առաջատարները․ 57 կգ քաշում՝ Արսեն Հարությունյանը, 65-ում՝ Վազգեն Թեւանյանը: Սրանք այն քաշերն են, որոնք կարեւոր, օլիմպիական քաշերն են եւ օլիմպիական ուղեգիր նվաճելու հույսերը:

Հավաքականի հիմնական կազմից ովքե՞ր չմասնակցեցին:

Մի քանիսը բացակայեցին վատառողջ լինելու պատաճառով: Չմասնակցեցին այն ըմբիշները, որոնք Հայաստանում չեն եւ գալու խնդիր ունեին՝ Լեւան Բերիանիձեն եւ Հաջիմուրադ Գացալովը: Նրանք իրականում մրցակիցներ էլ չունեն իրենց քաշում եւ խնդիր չէր նրանց բացակայությունը:

Առաջնությանը չմասնակցեց աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը: Նրա մասով տեղեկություն չկա՝ շարունակում է մարզվել, թե ոչ, բայց ՀՀ առաջնությանը նա չներկայացավ, չի մասնակցում մրցումներին, հավաքներին: Այլեւս չի մարզվում Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 79 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը:  Վոլոդյա Ֆրանգուլյանը մասնակցեց, գրավեց 3-րդ տեղը:

Ինչպիսի՞ն էր մրցակցությունը:

Գոհացնող էր՝ կրկին հաշվի առնելով ներկա պայմանները, կարանտինը, դադարը: Շատ երկար ժամանակ չունեցանք մրցումներ, լիարժեք հավաքներ, դահլիճային մարզումներ: Ըմբիշներ կային, որ մեկ տարի մրցաշարերի չէին մասնակցել: Մրցակցությունը բավարար էր:

Ո՞ր քաշային կարգերում այսօր խնդիր ունենք, ո՞ր քաշային կարգերում ենք թույլ,  մրցակցությունը՝ զրո եւ ինչո՞ւ:

Ցավոք, գրեթե բոլոր քաշերում խնդիրներ ունենք: Ունենք քաշեր, որ Հայաստանի առաջնությանը մասնակցելու համար 2, 3 ըմբիշ էր ներկայացել: Այստեղ անհնար է ինչ-որ աշխատանք տանել: Պատճառները բազմաթիվ են՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ. անձնական մարզիչներ, մարզիկ-մարզիչ կապ, մարզիկ- մարզադպրոց աշխատանք, կոմունիկացիաների ոչ լիարժեք ճիշտ աշխատել, ավելի ճիշտ՝ լրիվ բացակայություն: Միջազգային մակարդակին համապատասխանող մանկապատանեկան մարզադպրոց Հայաստանում չկա: Մարզիչների սոցիալական վիճակն է խնդիր, մարզադպրոցներում նրանց աշխատանավարձերի խնդիր կա, դրանք չնչին են: Մարզային դահլիճներում հաճախելիությունը զրո է: Կենտրոնացած է Երեւանում, միայն մայրաքաղաքում է ակտիվ մարզումային գործընթաց: Շատ են խնդիրները մեր մարզաձեւում: Մարզեր ունենք, որտեղ ազատ ոճի խմբեր ընդհանրապես չկան:

Դեկտեմբերին տեղի կունենա աշխարհի գավաթի խաղարկություն՝ 2020 թվականի աշխարհի առաջնության փոխարեն: Արդեն հայտնի՞ է կազմը:

Աշխարհի առաջնության անցկացումը փոխարինվեց աշխարհի գավաթով, քանի որ բազմաթիվ երկրներ հրաժարվեցին աշխարհի առաջնության մասնակցությունից: Այժմ նույն իրավիճակը նաեւ աշխարհի գավաթի անցկացման շուրջ է: Կրկին շատ երկրներ հրաժարվում են մասնակցությունից: Դեռ չկա հստակ տեղեկություն՝ գավաթի խաղարկությունը կանցկացվի, թե ոչ: Մենք ամեն դեպքում պատրաստվում ենք: Աշխարհի գավաթը տեղի է ունենալու Սերբիայում: Ազատ ոճայինները գորգ են դուրս գալու դեկտեմբերի 16-17-18-ին:

Կազմը մոտավորապես արդեն հստակ է ինձ համար, բայց դեռեւս չեմ հայտարարի: Առաջիկայում կներկայացնեմ կազմը: Ինձ համար Հայաստանի առաջնություն անցկացնելը պետք էր, անհրաժեշտ էր, որպեսզի նախքան աշխարհի գավաթի խաղարկության մեկնելը գոնե ունենայինք մրցաշար, փորձեինք տղաներին գորգի վրա, տեսնեինք նրանց մարզավիճակը, պատրաստվածությունը մրցակցությունում:

Կանցկացնենք մեկ հավաք նախքան աշխարհի գավաթին մեկնելը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ