00:03  ,  7 նոյեմբերի, 2020

Էրիկ Վարդանյանն առաջին անգամ ընդգրկվել է «Սոչիի» հայտացուցակում (ֆոտո)

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի մեկնարկային խաղում «Սոչին» 1:1 հաշվով է ավարտել «Ուֆայի» դեմ տնային հանդիպումը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը վնասվածքից վերականգնվելուց հետո առաջին անգամ ընդգրկվել է «Սոչիի» հայտացուցակում, սակայն խաղաժամանակ չի ստացել: «Սոչին» 23 միավորով 5-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրիկ Վարդանյանը վերադարձը խաղադաշտ նշել էր գոլային փոխանցումով: Նոյեմբերի 5-ին նա «Սոչիի» Մ-19 թիմի մեկնարկային կազմում մասնակցել էր «Կրասնոդարի» դեմ Ռուսաստանի երիտասարդական առաջնության 9-րդ տուրի խաղին (2:0)՝ հանդես գալով 58 րոպե:

22-ամյա Վարդանյանը «Սոչիի» կազմում մարզումները վերսկսել է հոկտեմբերի 11-ից: Նա նախորդ տարվա վերջնամասում էր պայմանագիր կնքել «Սոչիի» հետ, սակայն վնասվածքի պատճառով դեռ չի խաղացել ռուսական ակումբի կազմում: Նոյեմբերին նա ծնկի վիրահատության էր ենթարկվել Բարսելոնայում, որտեղ ևս մեկ անգամ վիրահատվել էր նաև հուլիսին: «Սոչի» տեղափոխվելուց առաջ կիսապաշտպանը հանդես էր գալիս Երևանի «Փյունիկում»: Հայաստանի հավաքականի կազմում Վարդանյանն անցկացրել է 4 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում